News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկված 38-ամյա Կարապետ Խաչատրյանը, ով բաց տիպի կալանավոր է եւ նրա հետ գործող  47-ամյա կինը, ովքեր Աղավնաձոր հյուղում որպես վարկ բաժանող են հանդես եկել եւ բնակիչներից գումարներ կորզել, աչքի տակ են ունեցել նաեւ հարեւան Մեղրաձոր  եւ Մարմարիկ գյուղերի բնակիչներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Մխիթար Դանիելյանը, ում կասկածների միջոցով են խաբեբաները բերման ենթարկվել:

Վերջիններս մտնելով Աղավնաձոր գյուղի բնակիչների տները, ներկայացել են որպես «Նուռ» վարկային ընկերության աշխատակիցներ եւ վարկեր են առաջարկել` նշելով, որ դրա դիմաց պետք է նախնական վճարում անել: Նրանք հասցրել են 4 ընտանիքից 10-16 հազարական դրամ խաբեությամբ վերցնել: Սակայն, գյուղապետի պատմելով, միայն իրենց գյուղից հերթի մեջ են եղել 20-30 բնակիչներ, որոնք նրանց բերման ենթարկվելու օրը պետք է պահանջված գումարները վճարեին, քանի որ գյուղում բոլորն էլ գումարի կարիք ունեն եւ ցանկանում են վարկ ստանալ:

Մխիթար Դանիելյանը նշեց, որ այս ամենը ի սկզբանե իրեն կասկածելի է թվացել: Նրանք գյուղացիներին ասել են, թե հայ-գերմանական բանկը ֆինանսավորում  է իրենց վարկային կազմակերպությանը: Գյուղապետն էլ զանգահարել է հայ-գերմանական բանկ եւ պարզել, որ դա սուտ է: Վերջինս իր օգնականին ասել է, որ զանգեն խաբեբաներին եւ ասեն, թե եւս 20 հոգի ցանկանում է իրենց առաջարկած վարկից օգտվել եւ հրավիրել գյուղ:

«Դե իրենք 20 հոգու անունը որ լսեցին, եկան գյուղ 300 հազար դրամի հետեւից, բայց արդեն ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեց: Եկան իմ աշխատասենյակ, ես նրանց ներկայությամբ զանգահարեցի հայ-գերմանական հիմնադրամ, ասացի, որ բարձրախոսը միացնի եւ անձամբ հարցնի «Նուռ» վարկային կազմակերպությանը հովանավորո՞ւմ են, թե` ոչ, ինչին ստացավ բացասական պատասխան: Վերջում խոստովանեցին ու խաբել են: Ես էլ զանգահարեցի ոստիկանության պետին, եկան նրանց տարան:

Բանից պարզվեց, որ էդ տղան արդեն մեկ անգամ խարդախության համար դատվել էր»,- մանրամասնեց գյուղապետը, հավելելով, որ հաջորդ օրը նրանք պետք է մեկնեին արդեն հարեւան գյուղ` «վարկեր» տրամադրելու համար  «վճարների» հետեւից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանում նախօրեին բերման են ենթարկել մի տղամարդու եւ մի կնոջ, որոնք խաբեությամբ գումարներ են շորթել Աղավնաձոր գյուղի բնակիչներից: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տղամարդն ու կինը մտել են Աղավնաձոր գյուղի երկու բնակիչների տներ, ներկայացել են որպես «Նուռ» վարկային ընկերության աշխատակիցներ եւ վարկեր են առաջարկել` նշելով, որ դրա դիմաց պետք է նախնական վճարում անել: Նրանք բնակիչներից մեկից 16 հազար, մյուսից 10 հազար դրամ են վերցրել:Պարզվել է, որ որպես Կարո ներկայացած տղամարդը 38-ամյա Կարապետ Խաչատրյանն է, ով բաց տիպի կալանավոր է, իսկ 47-ամյա կինը տեղի հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես մայրապետ:

Ոստիկանները երկուսին էլ բռնել եւ բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:

Տպել
Ամենաշատ