News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի  եւ ամուսնու` Դավիթ Զիրոյանի  կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը Արարատի եւ Վայոց-ձորի  ընդհանուր իրավասության դատարանում  այսօր` հունիսի 14-ին, շարունակվեց դռնփակ, թեեւ Մարիամ Գեւորգյանի պաշտպան Նոնա Գալստյանը միջնորդությամբ էր հանդես եկել, նույնիսկ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, որ դռնբաց անցկացվի:

Այսօրվա նիստում փաստաբանը բացարկ է հայտնել նաեւ մեղադրող դատախազ Ա. Արսենյանին, որը  դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել է: Ավելին` Մարիամը սկեսուրին տեսնելով վերհիշելով իր տանջանքները վատացավ, ինչի արդյունքում 10 րոպե ընդմիջում հայտարարվեց:

Այդքանից հետո  Դավիթ Զիրոյանների հարազատները դատարանի առաջ Մարիամի լուսանկարներով ակցիա են անցկացրել, իբր թե Մարիամի ծնողները իրենց աղջկան ամուսնացնելիս չեն ասել, որ Մարիամն ալերգիկ հիվանդություն ունի: 

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 28-ին:

Ավելի վաղ Նոնա Գալստյանը պատմել էր, որ  սկեսուրը Դավիթ Զիրոյանի  հետ միասին 2005-ի դեկտեմբերից մինչեւ 2010-ի հոկտեմբեր  ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց  Մելինե Բայաթյանի եւ Մարիամ Գեւորգյանին ենթարկել է ծեծի, խոշտանգումների, բռնությունների`  վերջիններիս պատճառելով  մարմնական եւ հոգեկան տառապանքներ: Փաստաբանը մանրամասնեց նաեւ, թե ինչ անդառնալի վնասներ է հասցրել Մարիամ Գեւորգյանին: «Ամբաստանյալի կողմից իր որդու հետ միասին տարբեր առարկաներով մասնավորպես կենցաղային օգտագործման առարկաներով գդալով, շերեփով, դանակով , մկրատով, աթոռով հարվածել են տուժողների մարմնի տարբեր մասերին` դեմքին, պարանոցին, կրծքերին, ներքին օրգաններին: Այրել են Մարիամ Գեւորգյանի կրծքերը, ներքին օրգանները: Արդուկով վառել են մարմնի տարբեր մասերը, նաեւ ձեռքը եւ մեջքի երկու հատվածը եւ մինչ օրս  կա հետքերը: Ստիպել են աղ, օճառ կուլ տալ, մերկ վիճակում  մեկ ոտքի վրա կագնեցրել են սառը սենյակում բաց պատուհանի տակ»,-պատմեց փաստաբանը:

NEWS.am-ը տեղեկացրել էր նաեւ, որ քննիչի 2010-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 118-րդ հոդվածով (ծեծ), սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

 

Տպել
Ամենաշատ