News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ի տարբերություն բազմաթիվ ապրանքների, վառելանյութի շուկայում, ընդհակառակը, գները որոշ չափով նվազում են։ Սակայն դա չի նշանակում, թե ամերիկյան արժույթի ուժեղացումը, որ ընդհանրապես լրացուցիչ գնաճային ճնշումներ է ստեղծել, այստեղ ազդեցություն չի գործել։

Վառելանյութի գների անկումը պարզապես միջազգային զարգացումների արձագանքն է։ Վառելանյութի արտաքին շուկայում արդեն տեւական ժամանակ է, ինչ գները նվազում են։ Այնպես որ, եթե չլիներ դոլարի թանկացումը, ապա այդ երեւույթը մեր ներքին շուկայում հավանաբար ավելի վաղ եւ ավելի առարկայական կարտահայտվեր։ 

Ինչեւէ, անցած օրը հեղուկ վառելանյութը էժանացավ։ Այս ապրանքատեսակի ներմուծման եւ իրացման ոլորտում գործող երկու հիմնական մասնակիցները՝ «Ֆլեշը» եւ «Սիթի Պետրոլ Գրուպը», 10-ական դրամով նվազեցրին բենզինի տարբեր տեսակների մանրածախ գները։ Նրանց արագորեն հետեւեցին նաեւ շուկայի մյուս մասնակիցները։ 

Ըստ այդմ, երեկվանից մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում «ռեգուլյարն» արդեն վաճառվում է 480, իսկ «պրեմիումը՝ 500 դրամով։ 10 դրամով նվազել է նաեւ «սուպերի» գինը (ներկայումս իրացվում է 530 դրամով)։
Ի տարբերություն մայիսի վերջին վառելանյութի շուկայում արձանագրված էժանացման, այս անգամ նվազել է նաեւ դիզելային վառելանյութի գինը (երեկվանից իրացվում է 450 դրամով)։ 

Այդպիսով տարեսկզբին արձանագրված կտրուկ թանկացումից հետո վերջին մեկ ամսվա ընթացքում սա վառելանյութի շուկայի էժանացման երկրորդ դեպքն է։ Այդ ընթացքում բենզինի գինը լիտրի հաշվով իջել է 20, իսկ դիզելային վառելանյութինը՝ 10 դրամով։ Մինչ այդ վառելանյութի շուկան Հայաստանում արագորեն թանկանում էր։ Դրա հետեւանքով փետրվարից մինչեւ ապրիլ բենզինի տարբեր տեսակների գները բարձրացան լիտրի հաշվով 60 դրամով։ Այլ կերպ ասած, այսօր դրանք առնվազն 40 դրամով ավելին են տարեսկզբի համեմատ։ 

Ինչպես նախորդ, այնպես էլ անցած օրը Հայաստանում արձանագրված վառելանյութի գների անկումը պայմանավորված է արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումներով։ Իսկ այստեղ արդեն մի քանի ամիս շարունակ գները նվազում են։

Տպել
Ամենաշատ