News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամստերդամի համալսարանի ծիսասրահում, հունիսի 12-ին, տեղի է ունեցել «Հայ գրքի սփյուռքը. 1512-2012թթ.» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուների եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Այն նվիրված է հայ գրատպության 500- ամյա հոբելյանին, կազմակերպվել է վերջինիս համար կարեւորագույն կենտրոններից մեկում` Ամստերդամում, եւ տեւելու է երեք ամիս:

Ցուցահանդեսի բացման արարողությանը Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուների տնօրեն Ստեֆ Սխոլտենը ներկայացրել է ցուցահանդեսի կազմակերպման գաղափարի իրականացման ուղին ու դրա կարեւորությունը: Այնուհետեւ, հայ ժողովրդի պատմության, լեզվի ձեւավորման ու հայ մշակույթի համար դրա կարեւորության վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թեո վան Լինտը:

Ներկաներին իրենց ողջույնի խոսքով դիմել են նաեւ Ամստերդամի համալսարանի գործադիր խորհրդի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Լուիզ Խունինգ-Սխեպերսը, Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Յապ Վերները, եւ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Վերներն իր խոսքում անդրադարձել է նաեւ միջոցառման կարեւորությանը հայ-հոլանդական հարաբերությունների տեսանկյունից, իսկ պրն. Զարգարյանը նշել է Ամստերդամի հայ գրատպության հիմնական ձեռքբերումների մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում տպագրված «Հայ գրատպության սփյուռքը. 1512-2012թթ.» գրքի առաջին օրինակները Խունինգ-Սխեպերսը նվիրել է Վերներին եւ Զարգարյանին: Ի պատասխան, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը Ամստերդամի համալսարանի գործադիր խորհրդի նախագահին նվիրել է Վենետիկում տպագրված առաջին հայատառ գրքի` «Ուրբաթագրքի»,  կրկնօրինակը, Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված գիրքն ու Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները»:

Բացման արարողությանը հետեւել է ցուցահանդեսի դիտումը Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուներին պատկանող «Հատուկ հավաքածուներ» թանգարանում:

Տպել
Ամենաշատ