News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի միջեւ պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակներում Միլանի Պոլիտեխնիկը կազմակերպում է հնագիտական թեմայով դասընթաց:

Վերջինս ապահովում է տեսական եւ գործնական մասեր /դաշտային աշխատանքներ/, որոնց նպատակը հնագիտական գործընթացին վերաբերող բոլոր փուլերի ուսումնասիրումն է /փաստագրում, չափագրում, ինչպես նաեւ հնագիտական վերականգնմանն ուղղված խնդիրներ, արժեւորորում, օգտագործում/:

Տեսական դասընթացը կանցկացվի ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում, գործնական պարապմունքները՝ Արուճի պեղավայրում: Դասախոսությունները կվարեն Միլանի Պոլիտեխնիկի դասախոսներ Սուզաննա Բորտոլոտտոն, Անդրեա Գարձուլինոն, Մատիլդե  Մարձուլլոն, Լուիջի Մարինոն, Ջովաննա Բանիասկոն:

Դասընթացին կհետեւի առավելագույնը 15 հնագետ /ինչպես նաեւ այն ուսանողները, ովքեր արդեն 2011 թվականի նոյեմբեր ամսից ԵՃՇՊՀ-ում հետեւում են իտալացի եւ հայ դասախոսների  կողմից անցկացվող «Մասթեր»-ի դասերին/:

Դասընթացն անցկացվելու  է ՀՀ մշակույթի նախարարության հովանու  ներքո,  Միլանի դելի ստուդի /degli studi/, Ֆլորենցիայի համալսարանների, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ:

Հունիսի 18-ից 29-ը տեսական եւ գործնական մասեր՝ Արուճի հնավայրում, հուլիսին կկատարվի հնագիտական չափագրություն եւ հետազոտություն Արուճի հնավայրում:

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կկազմակերպվեն  ինչպես տեսական դասընթաց, այնպես էլ գործնական պարապմունքներ դարձյալ Արուճի հնավայրում:

Նույն ծրագրի շրջանակներում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում կազմակերպվում է  որմնանկարների  պահպանմանը եւ վերականգնմանը նվիրված դասընթաց` տեսական եւ գործնական փուլերով՝

հունիսի 25 -29  տեսական դասընթաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում,

հուլիսի 4 - 17 գործնական  պարապմունք Գյումրիում,

հուլիսի  30 օգոստոսի 10 –ը  տեսական դասընթաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում,

մեկ շաբաթյա գործնական պարապմունք Գյումրիում:

Դասընթացը երիտասարդներին  կհաղորդի հնագույն եւ ժամանակակից որմնանկարների վերականգնման հիմնային պատրաստվածություն:

Դասընթացի առաջին տարվա ընթացքում Գյումրիում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարի պոկման եւ վերականգնման գործնական պարապմունքների միջոցով ուսանողները հնարավորություն կստանան հմտանալու որմնանկարի վերականգնման գործում:

Դասընթացը նախատեսվում է Երեւանի Գեղարվեստի պետական  ակադեմիայի ուսանողների եւ շրջանավարտների, ինչպես նաեւ ճարտարապետների եւ սույն բնագավառով հետաքրքրվող ու աշխատանքային փորձ ունեցող բոլոր ցանկացողների համար:

Առաջադեմ ուսանողներին կտրվի վկայական: Դասընթացներն անվճար են:

Տպել
Ամենաշատ