News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Երեւանի բնակարանային շուկայում որեւէ կերպ չի հաջողվում վերականգնել ակտիվությունը։ Գործարքները շարունակում են նվազել։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ապրիլին մայրաքաղաքում 17 տոկոսով քիչ բնակարան է վաճառվել, քան նախորդ տարի։ Նույն պատկերն էր նաեւ տարեսկզբի մյուս ամիսներին։ Առաջին եռամսյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը նվազել էր շուրջ 8 տոկոսով։

Երեւանի բնակարանային շուկայում տիրող այս անկումային վիճակը պայմանավորված է մի հանգամանքով. նվազել է բնակարան ձեռքբերողների քանակը։ Դա նկատելի է հատկապես թանկարժեք բնակարանների դեպքում, որոնց պահանջարկը էապես կրճատվել է։ Պատահական չէ, որ շուկան բացասաբար է արձագանքել հատկապես այս կարգի բնակարանների գների նկատմամբ։ Դրանք ամենից շատ են նվազել։

Մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում գների անկումը նախորդ տարվա համեմատ 1 քառ. մետրի համար գերազանցում է 42 հազար դրամը։ Եվ սա պատահական չէ, որովհետեւ Երեւանի հատկապես այս հատվածում են գտնվում թանկարժեք բնակարանները։

Անկումը շատ ավելի մեծ է հատկապես մայրաքաղաքում։ Այստեղ ապրիլին կիսով չափ պակաս հիպոթեկային վարկեր են տրամադրվել, քան անցած տարվա նույն ամսին։

Բնակարանային շուկայում ակտիվության անկումն ուղեկցվել է գների նվազումով։ Ապրիլի տվյալներով, կադաստրի կոմիտեն այնուամենայնիվ գնաճ է արձանագրել։ Ընդ որում, ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի բնակարանային շուկայում։

Մասնավորապես Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարաններն ապրիլին թանկացել են 0,8 տոկոսով։ Բնակարանների միջին շուկայական գները կազմել են 251,9 հազար դրամ, մարտի 249,9 հազարի դիմաց։ Ակնհայտ է, որ գները որոշակիորեն աճել են, թեեւ իրականում դա հիմնականում արժութային շուկայում տեղի ունեցած դրսեւորումների հետեւանք է։

Չնայած օրենքի սահմանափակումներին, բնակարանների առք ու վաճառքի գործարքներն իրականացվում են հիմնականում դոլարով։ Մինչդեռ ապրիլին դոլարն ավելի թանկ էր, քան մարտին։ Եթե մարտին ամերիկյան արժույթի փոխարժեքը 390 դրամից ներքեւ էր, ապա ապրիլին՝ 390-ից վերեւ։ Տարբերությունը 3-4 դրամի սահմաններում էր։

Այնպես որ դոլարով արտահայտված շուկայում գնային փոփոխություն գրեթե նկատելի չէ։ Ավելին՝ այդ դեպքում դրանք նույնիսկ մի փոքր նվազել են։ Հիշեցնենք, որ, առաջին եռամսյակի տվյալներով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների գների անկումը հասնում էր գրեթե 7 հազար դրամի։

Ամեն դեպքում այն, որ ապրիլին թեկուզեւ դրամով, այնուհանդերձ շուկայում դիտվել են գնաճային դրսեւորումներ, արդեն իսկ կարելի է դրական երեւույթ համարել։ Եթե, իհարկե, այդ միտումները պահպանվեն նաեւ առաջիկայում։

Ապրիլին դրամով արտահայտված գների բարձրացում է նկատվել մայրաքաղաքի վարչական շրջանների բնակարանային շուկաների մեծ մասում։ Դա առավել մեծ է եղել հատկապես կենտրոնում, որտեղ քառ. մետրի հաշվով բնակարանների գների աճը կազմել է միջինը 5 հազար դրամ։ Գները Երեւանի այս հատվածում միջինը 405 հազարի սահմաններում են։

Արաբկիրում եւ Քանաքեռ-Զեյթունում գները բարձրացել են 2 հազարական դրամով։ Եթե առաջինում դրանք տատանվում են 335 հազարի, ապա երկրորդում՝ 262 հազարի սահմաններում։ Դավիթաշենում գները բարձրացել են 3 հազարով։ Այժմ մայրաքաղաքի այս վարչական շրջանում միջին գները 257 հազար դրամի սահմաններում են։ Գնային փոփոխություն չի եղել Էրեբունի եւ Նոր Նորք վարչական շրջաններում։

Ըստ էության, դրամով արտահայտված բնակարանների գների աճը կպահպանվի նաեւ առաջիկայում։ Սակայն դա պայմանավորված կլինի հիմնականում արժութային շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումներով, առաջին հերթին դրամի թուլացմամբ։

Տպել