News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում, մասնավորապես` նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ` այս տարի դրանք նվազել են 41-ով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Եթե 2011թ հունվար-մայիս ամիսներին արձանագրվել էր անչափահասների կողմից կատարված հանցագործության 169 դեպք, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին դրանք 128 էին: Նվազում նկատվում է նաեւ տարվա կտրվածքով, օրինակ` եթե  2010թ  արձանագրվել էր անփահասների հանցագործության 534 դեպք, ապա նախորդ տարի` 527:

Իսկ թե ինչով կարելի է մեկնաբանել այս պատկերը կամ ինչով է պայմանավորված նվազման միտումը, ապա Նելլի Դուրյանը այսպես մեկնաբանեց.

«Ունենք վերականգնողական կենտրոններ, որտեղ այդ անչափահասները հաշվառման մեջ են, հանցագործություններ կատարածների հետ աշխատանքներ են իրականացվում Դա միահամուռ կատարված, ամենօրյա, կանխարգելիչ աշխատանքի արդյունք է»,- նշեց նա:

Նելլի Դուրյանի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ մանկական հանցագործության կատարողները այն անչափահասսերն են, որոնց ընտանիքում կան խնդիրներ, օրինակ` ծնողների միջեւ անհաշտություն,  անուշադրություն երեխաների նկատմամբ, ծնողներից մեկի բացակայություն, մասնավորապես` հայր ծնողի:

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մեջ առաջին «հորիզոնականում է» գողությունը: Նելլի Դուրյանի խոսքով` հիմնականում անչափահասները գողանում են գունավոր մետաղներ, օրինակ` կաբել, մետաղալար եւ այլն: Եթե 2011թ հունվար-մայիս ամիսներին գույքի հափշտակման 102 դեպք է գրանցվել, ապա 2012թ հունվար-մայիսին` 56: Այս տարի գերակշռում էին նաեւ մանր գողության դեպքերը: «Երեխաների գողություն կատարելը կախված չէ սոցիալական պայմաններից: Սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ կան, որոնք ընդհանրապես  գողություն չեն կատարել, դա կախված է երեխայի դաստիարակաությունից, սովորաբար այդ քայլին գնում են անուշադրության մատնված, բարձիթողի երեխաները, որոնց վարքագծի նկատմամբ ծնողները անհետեւողական են»,- ասաց Նելլի Դուրյանը:

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մեջ «երկրորդ հորիզոնականը» զբաղեցնում են մարմնական վնասվածքները, օրինակ` մեկը մյուսին ծեծելը, սառը զենքի կիրառումը: Եթե 2011թ հունվար-մայիս ամիսներին արձանագրվել էր մարմնական վնասվածքների 19, որից ծանր` 7 դեպք, ապա այս տարվա  5 ամիսներին մարմնական վնասվածքների` 14 դեպք է արձանագրվել եւ ոչ մի ծանր դեպք: Փոխարենը աճել է անօրինական զենք կրելու դեպքերի թիվը մասնավորապես` սուր կտրող գործիք: Օրինակ` անցյալ տարի հինգ ամիսներին արձանագրվել էր 1, իսկ այս տարի` 7 դեպք, թեեւ, Նելլի Դուրյանի վստահեցմամբ, դա մյուս կողմից էլ պայմանավորված է կատարված հայտանաբերման աշխատանքներով:

Անհամեմատ նվազել է խուլիգանության դեպքերի թիվը, նախորդ տարվա 6, իսկ ծանր 2 դեպքերի փոխարեն այս տարի գրանցվել է մեկ դեպք, ծանր դեպքեր չեն գրանցվել: Անչափահասների կողմից նախորդ տարի արձանագրվել էր թմրանյութերի օգտագործման 3, իսկ այս տարի մեկ դեպք:

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նվազեցնելու առաջին նախապայմանը, զրուցակցիս խոսքով, երեխաների զբաղվածության խնդիրը լուծելն է: «Երեխան պետք է զբաղմունք ունենա, նրա օրը պետք է լցնել ինչ-որ բանով»,- ասաց Նելլի Դուրյանը:

Նա ծնողների ուշադրությունը հրավիրեց այս խնդիրների վրա ու կոչ արեց ավելի ուշադիր, հետեւողական լինել երեխաների նկատմամբ: լսել նրանց, պարզել նախասիրությունները, լուծել նրանց զբաղվածության հարցը, «եթե չեն ուզում, որ իրենց զավակը իրավախախտոմ,  հանցագործություն անի»: Նելլի Դուրյանը նաեւ հիշեցրեց, որ ծնողները երեխաներին թույլ չտան տնից դուրս գալուց առաջ դանակ կրել,  որովհետեւ դա քրեորեն պատժելի է:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ