News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատունը, որի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հունիսի 14-ի երեկոյան մահացել էր Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը, պատկանում էր «Արմավտո» ընկերությանը, որի բաժնետերերից մեկը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ մարզպետը: Կովալենկո Շահգալդյանը նշեց, որ «Արմավտո» ընկերությունը ունի մոտ 830 բաժնետեր, նա սեփականատերերից մեկն է:

Նրա խոսքով` «Արմավտոն» այդ կաթսայատունը օտարել է 2005թ եւ այն արդեն ուրիշի սեփականությունն է, պատկանում է ոմն Սահակյանին: Կոտայքի մարզպետը  հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ իրենք սեփականատերերին ասել էին, որ  ապամոնտաժումը անաղմուկ կազմակերպեն, եւ չվնասեն ծխնելույզից մոտ 50 մետր հեռու գտնվող` Շահգալդյանների ապակեպատ ջերմոցը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի առաջ վաճառել է: Նոր սեփականատերն այս տարիների ընթացքում վաճառել է կաթսայատան ապամոնտաժումից առաջացած շինանյութը: «Բոնուսը» եղել է կաթսայատան՝ 120 մետր երկարությամբ ծխնելույզը, որի ոչ ճիշտ ապամոնտաժումն էլ դարձավ դժբախտ պատահարի պատճառ:

«Աղյուսե ծխնելույզի շինարարական ամրանի արժեքը մոտ 250-300 հազար ԱՄՆ դոլար է: Մեր տեղեկություններով` ծխնելույզը սկզբում ցանկացել են ապամոնտաժել պայթեցման եղանակով, բայց Շահգալդյանները սեփականատիրոջը զգուշացրել են, որ ապամոնտաժումն անաղմուկ կազմակերպի, եւ որ ամենակարեւորն է` այնպես, որ չվնասվի ծխնելույզից մոտ 50 մետր հեռու գտնվող` Շահգալդյանների ապակեպատ ջերմոցը:Շահգալդյանների ջերմոցն, իհարկե, հիմա տեղում է, բայց անվտանգության կանոնները չպահպանելու եւ ոչ գրագետ ապամոնտաժման պատճառով զոհվեց 23-ամյա երիտասարդ»,-գրել էր թերթերից մեկը :

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 14-ի երեկոյան փլուզվել է Չարենցավան քաղաքի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը, ինչի հետեւանքով զոհվել է Չարենցավանի բնակիչ 23-ամյա Հովհաննես Բաբայանը, ում մարմնի մի մասը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, դուրս է բերվել փլատակներից: Հրշեջ֊փրկարարները եւ փրկարարները իրականացրել են Հ. Բաբայանի մարմնի չհայտնաբերված մասի որոնողական աշխատանքներ: 

Տպել
Ամենաշատ