Ադրբեջանին շատ լուրջ բարոյահոգեբանական հարված է հասցվել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով հունիսի սկզբի դեպքերը, շփման գծում ադրբեջանական սադրանքների սկիզբը եւ հայկական կողմի պատասխանը:
Ադրբեջանական սադրանքների հետեւանքով հայ զինվորների մահվան առթիվ ափսոսանք հայտնելով` փորձագետն ընդգծել է, որ հայ կողմի պատասխանը մեծապես տարբերվել է: Ադրբեջանական բանակում սկսել են գիտակցել, որ իրենց տանում են մահվան` առանց հաշվի առնելու զոհերը:
Ըստ Ջամալյանի` ինչքան ավելի կտրուկ լինի մեր պատասխանն ադրբեջանական սադրանքներին, այնքան ավելի շատ կլինի տարակարծությունն ադրբեջանական հասարակության մեջ, ներսից ավելի շատ կլինի Ալիեւների կլանի վրա ճնշումը եւ ավելի կերկարի լռությունը շփման գծում: «Մեր զինվորները սահմանին իրավիճակի տերն են», - ընդգծել է փորձագետը:
Դավիթ Ջամալյանը նաեւ նշել է սահմանապահ գյուղերի մարտական բարձր ոգին: «Մի քանի օր առաջ ես հետեւում էի, թե ինչպես էին ֆուտբոլ խաղում սահմանի մոտ մի գյուղի երեխաներ: Գյուղը ժամանակ առ ժամանակ հրաձգության է ենթարկվում, սակայն բնակիչները չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ, եւ երեխաները խաղաղ ֆուտբոլ են խաղում. սա մեր հողն է, մենք այստեղ եղել ենք եւ կլինենք», - եզրափակել է Ջամալյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի