News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված քրեական գործին  կանխավ քաղաքական գնահատական տալը վտանգավոր է: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ բոլորս պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով: «Խնդիրը գտնվում է իրավական հարության մեջ, քանի դեռ այնտեղ լուծումներ չի ստացել, տեղափոխել այն քաղաքական դաշտ եւ կանխավ քաղաքական գնահատական տալը վտանգավոր է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝  այդ գործի նկատմամբ մեծ է միջազգային արձագանքը եւ ենթադրել, որ իրավական հարթությունում այն կլուծվի օրենքի տառին ոչ համապատասխան, անհիմն է: Նա վստահ է, որ գործընթացները կլինեն թափանցիկ եւ օրենքի տառին համապատասխան:

«Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ուրեմն պետությունը պետք է իր գործառույթներից հրաժարվի, ցանկացած ընտրություններից առաջ եւ հետո ոչ մի բան չանի»,- ասաց նա՝ ի պատասխան դիտարկումների, թե այս գործը կապված է Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ական դառնալու եւ ՀՀԿ-ի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցնելու հետ:

«Եթե կա իրավական գործընթաց եւ այն դեռ չի ավարտվել, եթե դրա մեջ կա քաղաքական գործչի մասնակցություն, չկա որեւէ հիմք պնդելու, թե խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի: Չեմ բացառում, որ երբ իրավական գործընթացն ավարտվի, հարցադրումները հիմք ունենան»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Նա, թեեւ չէր տիրապետում իրավական գործընթացների մանրամասներին, սակայն վստահություն հայտնեց, որ դրանք քաղաքական չեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրգործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։ Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ