News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին:

Հայտարարությունում ասվում է.

«Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում, սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված զինծառայող 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների եւ պայմանավորվածությունների բոյկոտ է: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակ:

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցավոր գործողությունները եւ հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա:

Կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը /ԵԱՀԿ/ պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների եւ պատժամիջոցների` զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու եւ տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կրկին հավաստում է իր դիրքորոշումը` մնալ հավատարիմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը եւ լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման` կողմերի գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ եւ ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված` 1995 թ. փետրվարի 5-ի համաձայնագրում: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների եւ դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից եւ վերադառնալ կառուցողական երկխոսության` տարածաշրջանում տեւական խաղաղության եւ հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ