News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր`հունիսի 18-ին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) եւ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի իր չորրորդ ամփոփիչ ստուգումը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՀ երեւանյան գրասենյակը:

Ընդունված որոշումը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ներգրավել լրացուցիչ 33.5 միլիոն ՓՀԻ (Փոխառության հատուկ կրավունք, որը համարժեք է շուրջ 50.7 միլիոն ԱՄՆ դոլարին):

ԱՄՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում համաձայնեցված քաղաքականությանը, ինչը կարեւոր դեր է կատարել Հայաստանին օգնելու հարցում:

Հաղորդագրության մեջ 2012 թ. միջնաժամկետ հեռանկարը գնահատվել է դրական, սակայն` ռիսկերից ոչ զերծ: Ռիսկերն ի հայտ են գալիս Եվրոպայում, եւ Ռուսաստանի միջոցով ազդում Հայաստանի վրա:

Որոշ գնահատականներ կան Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ 2011 թ. տնտեսական աճը 4.6 տոկոս է, սակայն սպասվում է, որ 2012 թ. այն կչափավորվի 4 տոկոսից փոքր-ինչ ցածր մակարդակում: Նախընթաց տարում գնաճը զգալի նվազել է եւ պետք է պահպանվի կենտրոնական բանկի նպատակադրած 4 տոկոսի շուրջ: Շարունակվում է վարկային ներդրումների բարձր աճը:

Նշվել է, որ 2011 թ. բյուջեի պակասուրդը զգալիորեն ցածր էր ծրագրային թիրախներից՝ արտացոլելով ծախսերի զսպումը: Հավանական է, որ 2012 թ. պակասուրդը լինի չափավոր բարձր, բայց եւ այնպես ծրագրին համահունչ, ընդ որում սպասվում են ավելի բարձր եկամուտներ, որոնք հնարավորություն կտան ավելացնել գերակա ծախսերը: Արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը էականորեն նվազել է, ինչին օժանդակել է հարկաբյուջետային ճշգրտումը, սակայն պահպանվում է բարձր մակարդակում: Իշխանությունները նախատեսում են իրականացնել գործարար միջավայրի, հարկային եւ կենսաթոշակային բարեփոխումներին ուղղված հետագա միջոցառումներ: Փոխարժեքի ճկունության բարելավման հետ մեկտեղ նշված գործողությունները պետք է բարելավեն արտադրողականությունն ու օժանդակեն աճին եւ արտահանման դիվերսիֆիկացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ