News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դեռեւս 2011թ-ի հոկտեմբերի 18-ին, ժամը 18:30-ի սահմաններում Հրաչիկ Մկրտչյանը կնոջ եւ երկու աղջիկների հետ Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում իր «Օպել Վեկտրա» մակնիշի 26 ՕՏ 889 համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել , իսկ վթարը ընտանիքի անդամների պնդմամբ եղել է դիտավորյալ սպանության փորձ: Հ. Մկրտչյանի պնդմամբ, վթարի հետ կապված, իրավապահ մարմիններից սկսած մինչ դատարանի վճիռը կրել է անօրինական բնույթ:

«ԳԱԶԵԼ» մեքենայի կողմից տարբեր փողոցներում մենք հետապնդվել ենք: Անընդհատ մանեւրումներ էր կատարում, ընտանիքիս վտանգ էր ներկայացնում, տարբեր փողոցներում մեզ հետեւում էր ու վթարային իրավիճակ ստեղծում, մենք էդտեղ մեր մահը զգացինք, էդտեղ մի կերպ կարողացանք անցնել ճանապարհը, հետո դուրս եկանք Տիգրան Մեծի պողոտա, դեռ չհասցրեցինք մեքենան կայանել «Ջազվե» սրճարանի դիմաց, դիտավորությամբ էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը կտրուկ գործողություններով ստեղծեց վթարային իրավիճակ ու բախվեց մեր մեքենային»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմեց Հրաչիկ Մկրտչյանի կինը` Կարինե Աթյանը: Նա կատարվածը սպանության փորձ է որակում, քանի որ իրենց շենքի բակում մի շարք անձանց կողմից բիզնես տարածքներ են գործում, ու ինքը դրանց դեմ մի շարք բողոքներ է ներկայացրել, քանի որ նշված խանութները խոչընդոտում են իրենց` մեքենան բակում կայանելուն: «Սա պատվեր էր, որ ինձ վախեցնեին, որ մենք էլ չբողոքեինք»,-ասաց նա:

Վթարից հետո, ըստ տուժող կողմի պատմածի, իրենց եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 0434 համարանիշի մեքենայի վարորդ Վիտալի Սիմոնյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, վերջինս հայհոյել է իրենց ու բռնություն կիրառել: Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելով): Այս ամենը հաստատված է նաեւ քննչական բաժնի քննիչ Ռուդիկ Մինասյանի կողմից տրված մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Վիտալի Սիմոնյանը «ԳԱԶԵԼ»-ը վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները, իր գործողություններով ստեղծել վթարային իրավիճակ, բախվել Հրաչիկ Մկրտչյանի վարած «Օպել» մակնիշի 26 ՕՏ 889 համարանիշի մեքենային, այնուհետ եւս մեկ մեքենայի, ու վերջինիս կողքին կանգնած քաղաքացուն, պատճառելով մարմնական վնասվածք, անուհետ, իջնելով մեքենայից, Վիտալի Սիմոնյանը խախտել է հասարակական կարգը, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Հրաչիկ Մկրտչյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Սա թերեւս քննիչի կողմից տրված մեղադրական եզրակացությունն էր, ինչն ըստ տուժող Հրաչիկ Մկրտչյանի պատմածի, դատարանը հաշվի չի առել վճիռ կայացնելիս, հաշվի չի առնվել նաեւ ՀՀ փորձագիտական կենտրոնի վթարի կապակցությամբ տրված եզրակացությունը, որի մեջ եւս նշված է, որ վթարի մեղավորը «ԳԱԶԵԼ»-ի վարորդն է եղել: Վթարից տուժել են նաեւ Հրաչիկ Մկրտչյանի ընտանիքի անդամները, որը հաստատված է դատահոգեբանական եզրակացության մեջ:

Տուժող կողմն այս ամենը որակում է որպես «պատվերի» շարունակություն ու «հանցագործի» քայլերի կոծկում դատարանի կողմից: «Դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ, հաշվի չառնելով ոչ մի ապացույց, նույնիսկ մեզ չէին թողնում դատարանում նորմալ արտահայտվեինք, փաստերը նշեինք»,-ասաց նա:

Ի դեպ, վթարը տեսագրվել է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող բանկերից մեկի տեսախցիկներով, որը տուժող կողմի պատմելով շատ ուշ է կցվել գործին: Հրաչիկ Մկրտչյանը NEWS.am-ին է տրամադրել վթարի տեսագրությունը, որտեղ երեւում է, որ «ԳԱԶԵԼ»-ը շատ ուժեղ ընթացքով հարվածում է մայթին կայանված մեքենային:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրոյցում «ԳԱԶԵԼ»-ի վարորդ Վիտալի Սիմոնյանի պաշտպան Կարեն Թումանյանն ասաց, որ դատարանն արդարացրել է իր պաշտպանյալին, քանի որ տուժող կողմի ապացույցները հերքվել են: Իսկ տուժող կողմը պնդում է, իրենց հայցը կբավարարվեր, եթե դատարանը լիներ չեզոք: Հրաչիկ Մկրտչյանն այս ամենի մասին տեղեկացրել է բոլոր մարմիններին, նրանցից ակնկալելով օգնություն, անվտանգության երաշխիքներ ու որ մեղավորները վերջապես կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ