News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Новое Время» թերթն անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին` փողեր լվանալու կասկածանքով ԱԱԾ հրավիրելու փաստին ու գրել. «Օսկանյանական էպոպեայի մասին այսօր գիտեն նույնիսկ դպրոցականները: Համենայնդեպս հիշեցնենք, որ ԱԳՆ նախկին ղեկավարը օրերս հրավիրվել էր ԱԱԾ` այդ գործով վկայություն տալու համար, որից հետո տարածել էր հայտարարություն այն մասին, որ հիմնադրամի գործունեությունը միշտ եղել է թափանցիկ և որ նա հարուցված քրեական գործի հետևում տեսնում է քաղաքական պատվեր: Մեկնաբանելով ԱԱԾ-ի հաղորդագրությունը` Օսկանյանը հայտարարել է, որ «փողերի լվացում»-«Օսկանյան»-«Հանթսման» բառերը չեն կարող օգտագործվել միևնույն նախադասության մեջ, և որ նա շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր դեմ իրականացվածը քաղաքական պատվեր է»:

Հետաքննությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները պարզել են մի քանի մանրամասներ, որոնք բավականին պարզ կերպով ցույց են տալիս, որ հարուցված քրեական գործը բոլորովին էլ ուղղված չէ «Սիվիլիթաս»-ի և նրա գործունեության դեմ: «Այս պահի դրությամբ ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, բայց եթե դա պատահի, գլխավոր դերում կհայտնվի ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամը, այլ նորից Վարդան Օսկանյանը: Եվ դա էլ այն դեպքում, եթե Օսկանյանը չկարողանա բացատրել, թե ինչու են նրա անձնական հաշվին բարեգործական նպատակներով օգտագործելու համար փոխանցված գումարներն այլ նպատակի ծառայել: Համաձայն այդ նույն աղբյուրի, վերը նշված միջոցներով մարվել են վարկեր, գումարի մի մասը փոխանցվել է Օսկանյանի ընտանիքի անդամների հաշվեհամարներին… ինչ-որ մաս, այնուամենայնիվ, հատկացվել է հիմնադրամին, բայց պարտքով: Բնականաբար, հետաքննության ընթացքում ծագել է մեկ այլ հարց ևս. Ինչո՞ւ գումարները, որոնք տրամադրվել են «Սիվիլիթաս»-ին, տրվել են պարտքով, այն էլ` ոչ ամբողջությամբ…

Որպես գործի վկա` Օսկանյանը պարտավոր է որոշակի հստակություն մտցնել և պատասխանել հարցերին: Բայց ոչ: Դրա փոխարեն նա իրեն ներկայացնում է որպես «քաղաքական ճնշումների զոհ»` առանց որևէ հիմնավորման: ԱԳ նախկին ղեկավարի սրտաճմլիկ մենախոսությանն արձագանքելով` մի քանի դեսպաններ այցելեցին հիմնադրամի գրասենյակ` տեղում ծանոթանալով իրավիճակին: Բայց այն, թե ինչպես է իրեն զգում Օսկանյանը, նրա անձնական ընկալման հարցն է: Փաստը մնում է այն, որ նրան ոչ մի մեղադրանք առ այսօր ներկայացված չէ, չնայած այն հանգամանքին, որ նա կարծես մոտ կես միլիոն դոլար իսկապես ծախսել է` զուտ անձնական նպատակներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ