News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված կենտրոնական ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ կենտրոնական ռազմական հոսպիտալից: Վ. Ավետյանի վիճակում որեւէ դրական տեղաշարժ չկա:

Ծեծի ենթարկված մյուս բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը եւս շարունակում է ծանր մնալ. գիտակցությունը գալիս է, բայց կրկին մթագնում է:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից սույն քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն:

ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ը փորձեց ճշտել, թե կա՞ն ձերբակալվածներ, երբ են մեղադրանք առաջադրելու եւ կալանքի սանկցիայով մտնելու դատարան, սակայն ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը փոխանցեց, որ գործն իրենց դեռ չի հասել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: NEWS.am-ի տեղեկություններով, ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել:

Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել է վիրաբույժը:

Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ