Հայ մտավորականների մի խումբ կոչ է արել ստեղծել Սիրիահայերի աջակցության համակարգման խորհուրդ: Անհրաժեշտ է ստեղծել արագ արձագանքման խորհուրդ, որում, բացի Հայաստանի պետական կառույցներից, կմտնեն նաեւ Հայ առաքելական եկեղեցու, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Սփյուռքում գործող կուսակցությունների ներկայացուցիչներ:
«Բնականաբար, Հայաստանն ի վիճակի չէ ոչ աջակցել, ոչ դադարեցնել հայերի հոսքը Սիրիայից, բայց պետք է դառնա այն հայրենակիցների տունը, որոնք ծնվել կամ մեծացել են Սիրիայում: Մենք պարտավոր ենք Հայաստան ուղղել նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Խնդիրներից մեկը, որ անհրաժեշտ է լուծել, դեպի Սիրիա «Արմավիայի» չվերթների վերականգնումն է, որպեսզի հայերին հնարավորություն տրվի վերադառնալ տուն, կարծում են փաստաթղթի հեղինակները:
Հայտարարությունը ստորագրել են հրապարակախոս Կարինե Հակոբյանը, երգահան Վահան Արծրունին, երաժշտագետ Մարգարիտ Թախթաջյանը, նկարիչ Զարուհի Մուրադյանը, ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանը, երգահան Լիլիթ Պիպոյանը, գրող-հրապարակախոս Արթուր Անդրանիկյանը: