News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին եւս մեկ ռազմական բժիշկ է ծեծի ենթարկվել: Տուժողը 33-ամյա Գարիկ Սողոմոնյանն է, ով գլխուղեղի տրավմա է ստացել եւ նրա վիճակը եւս ծանր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ կենտրոնական ռազմական հոսպիտալից:

Ըստ այդմ, տուժողը իրենց հոսպիտալի բժիշկ չէ, սակայն ռազմական բժիշկ է աշխատում: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ծեծի են ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Նախնական տեղեկություններով, նրան ծեծի էր ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ է ուղարկել ոստիկանություն: 

Տպել
Ամենաշատ