News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում թիկնապահներն աշխատում են քրեական սկզբունքներով, թեեւ իրականում կոչված են պաշտպանել այս կամ այն անձի կամ հաստատության անվտանգությունը: Այդ մասին, այսօր` հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին:

«Այս թիկնապահներն ապահովում են, այսպես ասած, «ավտորիտետների» անվտանգությունը, միաժամանակ վտանգելով շարքային քաղաքացիների կյանքը: Սարսափելի է ոչ միայն իրենց արարքը «Հարսնաքարում», այլ նաեւ այն, որ ոմանք փորձում են արդարացնել թիկնապահներին, նշելով, որ սպաները սպորտային համազգեստով են եղել եւ խախտել են հասարակական կարգը: Եթե նույնիսկ սպաները հասարակական կարգ են խախտել, ապա թիկնապահները ոչ թե պետք է ծեծի ենթարկեին, այլ` ոստիկանություն կանչեին, եւ գործեին օրենքի տառին համահունչ»,- ասաց Բաբայանը:

Նա նաեւ անթույլատրելի է համարում այն հանգամանքը, որ հասարակությունում «օրենքով գողը» համարվում է հարգված մարդ, կարգին մարդ: «Օրենքով գողի տեղը բանտում է: Ինչպես ասում էր Գլեբ Ժիգլովը: Իսկ մեզ մոտ կրիմինալիզացված թիկնապահին դուր չի գալիս մարդու հագուստը, սանրվածքը... ծեծելով սպանում է»,-ասաց նա:

Ըստ Բաբայանի, հասարակությունն ու մտավորականությունը պետք է պահանջեն, որ այդպիսի երեւույթներն արմատախիլ արվեն: «Այսպիսի դեպքեր «Հարսնաքարում» բազմիցս են եղել, մինչդեռ դրանց պատշաճ ուշադրություն չեն դարձրել»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նախ ասաց, որ տեղյակ չէ «Հարսնաքարի» միջադեպից, սակայն լսելով մյուս բանախոսի ասածները կարող է միայն դատապարտել երեւույթը. «Ես ինքս տեղյակ չեմ, բայց դե որ ասում են, հո չեն խաբում: Վայրենություն է»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ