News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն, այսօր` հունիսի 19-ին, հայտարարություն է տարածել իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի մասին:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով, որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններն ուղղորդելուն ուղղված քայլ:

Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ:

Լրատվամիջոցներից եւ լրագրողներից խնդրում եմ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, որոշների դեպքում նաեւ քաղաքական հանձնարարություններից, իրենց գնահատականներում եւ տեղեկություններում լինեն բացարձակ ճշգրիտ եւ չշահարկեն ստեղծված իրավիճակը: Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված եւ այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան:

Ես մարդկայնորեն եւ անկեղծորեն ցավում եմ կատարված անթույլատրելի միջադեպի համար` միաժամանակ հասկանալով, որ դա չի փոխում իրերի վիճակը եւ հուսանք, որ միջադեպից տուժածների առողջության վերաբերյալ բժիշկների տեղեկությունները կլինեն լավատեսական»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ծեծի են ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Նախնական տեղեկություններով, նրան ծեծի էր ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ է ուղարկել ոստիկանություն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ