News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի վեց ուժերից միայն  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է որոշել, թե հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրելու: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկելու են Գրիգոր Գրիգորյանի,  Տնտեսական հարցերով հանձնաժողովի տեղակալի պաշտոնում` Միքայել Մելքումյանի, իսկ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնին`Մարտուն Գրիգորյանի թեկնածությունները: «Մենք մեզ համար ենք որոշել, բայց ոչ մի նշանակում առայժմ չկա»,- նշեց նա:

Հանրապետական, «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կուսակցություններում, ինչպես հայտնեցին NEWS.am-ին, հանձնաժողովների փոխնախագահների հարցը չի քննարկվել:  Իսկ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես հայտարարել էին խմբակցության հունիսի 5-ին կայացած առաջին նիստին, հրաժարվում է 12 մշտական հանձնաժողովներում իրեն հասանելիք մեկ փոխնախագահի պաշտոնից, սակայն մասնակցելու են բոլոր հանձնաժողովների աշխատանքներին: Այդպես էլ ողջ օրվա ընթացքում չհաջողվեց կապ հաստատել ՀՅԴ խմբակցության որեւէ ներկայացուցչի հետ: Վերջապես Վահան Հովհաննիսյանը պատասխանեց մեր զանգերին` կշտամբելով իրեն այդքան զանգելու եւ անհանգստացնելու համար ու հայտարարեց, որ  չի պատասխանի ոչ մի հարցի: 

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` հանձնաժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նիստում: 5-րդ գումարման ԱԺ-ի 12 հանձնաժողովների տեղակալները կընտրվեն այն ժամանակ, երբ հանձնաժողովները նիստեր գումարեն եւ այդ հարցը ընդգրկվի օրակարգում: Դա հավանաբար կլինի կամ մինչեւ հունիսի վերջ, կամ էլ սեպտեմբերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` մայիսի 31-ին, ընտրվել են խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահները: Նրանք ընտրվել են գրեթե միաձայն, նիստին ներկա 106 պատգամավորների կողմից:  Քվեարկությանը չեն մասնակցել ՀՅԴ պատգամավորները, իսկ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորներն ընդհանրապես չեն մասնակցել նիստին: Եթե նախորդ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահներ ունեին 4 խմբակցություններ, ապա այս անգամ միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կունենան հանձնաժողովների նախագահներ: ՀՀԿ-ն կգլխավորի 8 հանձնաժողովներ` ԲՀԿ-ն` 4: Ըստ այդմ, ՀՀԿ-ից Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը, Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը` Արա Բաբլոյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը: ԲՀԿ խմբակցութունից Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը` Սամվել Բալասանյանը, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովները ՀՅԴ-ից անցել է ՀՀԿ-ին, իսկ գյուղտնտեսության եւ տարածքային կառավարման հանձնաժողովները` ՕԵԿ-ից ԲՀԿ-ին

 

Տպել
Ամենաշատ