News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այսօր` հունիսի 19-ին, հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Պատգամավորները քննարկել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված այն նախագծերը, որոնց քննարկման համար գլխադասային  էր նշանակված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճար վճարող համարվելու դիմում-հայտարարությունը ներկայացնելու ցանկացած ամսվա ընթացքում: 

Առաջարկվում է նաեւ վերանայել արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածները` հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով տարվա ցանկացած ժամանակահատվածի համար համարվելու արտոնագրային վճար վճարող: Հանրային սննդի ոլորտում մինչեւ 50 քառ.մ տարածքի համար նախատեսված արտոնագրային վճարի նվազագույն չափը տարանջատվում է մինչեւ 20 քառ.մ եւ 21-50 քառ.մ տարածքների համար արտոնագրային վճարների չափերի, որը հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող գերփոքր տնտեսավարող սուբյեկտներին 2.5 անգամ ավելի պակաս արտոնագրային վճար վճարելու հնարավորություն կտա:

Սահմանվում է արտոնագրային վճարի չափը նվազեցնող գործակից, որը, կախված արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տեւողությունից, յուրաքանչյուր ամսվա հաշվով կնվազի 0.02 գործակցով` արդյունքում նվազեցնելով նաեւ տվյալ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը:

Բնակության միեւնույն հասցեում գրանցված անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, երեխաներին, եղբայրներին, քույրերին հնարավորություն է տրվում միեւնույն թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնելու մեկ արտոնագրով` միաժամանակ ամրագրելով, որ այդ դեպքում արտոնագրային վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար յուրաքանչյուր վարորդի մասով ավելացվում է 1000 դրամով:

Բացառապես գիշերային ժամերին գործող ավտոկանգառների համար սահմանվում է  0.5 լրացուցիչ ուղղիչ գործակից, իսկ վարչարարության իրականացման տեսանկյունից առավել հեշտացվում են պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգերը:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է վերանայել մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը` սահմանելով, որ հիշյալ անձանց պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն անցկացվում է տարին մեկ անգամ:

«ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլ նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ:

Հանձնաժողովը քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Լիցենզավորման ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակն է պարզեցնել եւ հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ինչպես նաեւ հեշտացնել  լիցենզավորման գործընթացը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Հաշվի առնելով խաղատների եւ շահումով խաղերի գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը եւ նպատակ ունենալով խրախուսել` շարունակելու գործունեությունը` նախագծով առաջարկվում է պետական տուրքի չափը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար որոշել տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:

Քննարկված օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

 

Տպել
Ամենաշատ