News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետ Ա. Մարկոսյանի կողմից յուրացում կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար վերջինիս առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանում ապացուցված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն`  Ա. Մարկոսյանը միայնակ թոշակառուների եւ հաշմանդամների կողմից «Հայխնայբանկում» ներդրված գումարների փոխհատուցման  գործընթացի ժամանակ պարբերաբար կատարել է յուրացումներ. այն է` թվով 13 ավանդատուների եւ 12 կենսաթոշակառուների փոխարեն ստորագրել է գումար ստացողի անվան դիմաց` այդկերպ յուրացնելով կենսաթոշակների եւ ավանդների գումարներ:  Ա. Մարկոսյանը յուրացրել է ընդհանուր 4 200 931 դրամ գումար:

Բացի այդ, Ա. Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել նաեւ իր տանն ապօրինաբար նռնակ եւ շուրջ մեկ տասնյակ փամփուշտ պահելու համար, որոնք հայտնաբերվել են նրա բնակարանում կատարված խուզարկության ժամանակ:

Ա. Մարկոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. մարտի 14-ի դատավճռով Ա. Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով  եւ դատապարտվել ազատազրկման` 4 տարի 2 ամիս ժամկետով:

Վերաքննիչ բողոք չի ներկայացվել եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ