News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի քաղաքական ուժերը ակտիվորեն խմբակցությունների նիստեր են գումարում եւ քննարկում զանազան հարցեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին վստահեցրին կուսակցություններից: Ըստ այդմ` նրանց մեծ մասը հիմնականում քննարկել է Կառավարության գործունեության ծրագիրը, որը Ազգային ժողովում կքվեարկեն վաղը` հունիսի 20-ին:

Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր ՀՀԿ խմբակցությունը նիստ է գումարել եւ քննարկել են Կառավարության գործունեության ծրագիրը, կազմակերպչական հարցեր, ընդունել են խմբակցության կանոնադրությունը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար են ընտրել Հովհաննես Սահակյանին:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը» եւս նիստերին քննարկել է վաղվա օրակարգը, իսկ թե կանոնադրություն հաստատել են, թե` ոչ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կարճ պատասխանեց. «Ամեն ինչ էլ արել ենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր այսօրվա նիստում եւս քննարկել է Կառավարության ծրագիրը, որին, ինչպես նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, միանշանական դեմ են քվեարկելու, իսկ հիմնավորումները կներկայացնեն ԱԺ նիստին:

«Ժառանգություն» խմբակցության նիստերին, կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խոսքով, քննարկվել են կառավարության ծրագրի հետ կապված հարցեր,  պատվիրակություններում ներկայացուցիչների ընդգրկման հարցը: Ինչ վերաբերում է Կառավարության ներկայացրած ծրագրին, ապա «Ժառանգությունը» դրան կողմ չի քվեարկի, իսկ  դիրքորոշումը կարտահայտի քննարկումից հետո:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, որ նիստերին հաստատել են խմբակցության կանոնադրությունը, քննարկել են  խորհրդարանական պատվիրակություններում իրենց ընդգրկվածության հարցը, կառավարության ծրագրի հետ կապված մոտեցումները, ինչպես նաեւ ներքին աշխատանքային հարցեր, փորձագետներ հետ կապված խնդիրներ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ