News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Հարուցված քրեական գործի նախաքննությունը հունվարի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում եւ` ձերբակալություններ:

Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:

Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտման վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ եւ իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձեւել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երեւույթների հետեւից, եւ տվյալ դեպքում ոչինչ չի կարող եւ չի կաշկանդելու ոստիկանությանը:

Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երեւույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Այս պարագայում անտեղի են նաեւ օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար եւ` թափանցիկ:

Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:

Նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ծեծի են ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:Նախնական տեղեկություններով, նրան ծեծի էր ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ է ուղարկել ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ