News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունը սկզբունքային նորարարություն չի պարունակում: Նման կարծիք է հայտնել «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն, այսօր` հունիսի 20-ին, մամլո ասուլիսում:

Նշելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունների ներկա եւ նախորդ ձեւակերպումների նմանությունները`քաղաքագետը կարծիք է հայտնել, որ իրավիճակի էական փոփոխություններ պետք չէ ակնկալել:

«Պարզապես նրանք հասկանում են, որ բանակցություններն անհրաժեշտ են, որ բանակցությունները պատերազմը չվերսկսելու որոշակի երաշխիք են», - նշել է Գագիկ Հարությունյանը: Փորձագետի խոսքով` տվյալ փուլում Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը  Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերից չի բխում, եթե, իհարկե, որեւէ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի Իրանի շուրջ:

Թե ինչ է նկատի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկասում այցի ժամանակ  հայտարարելով ԼՂ հարցում նոր մոտեցումների մասին, քաղաքագետը դժվարացել է մեկնաբանել: Ըստ նրա` ցանկացած հանդիպումից առաջ խոսվում է նոր մոտեցումների մասին: Փորձագետն անտեղի է համարել այն մեկնաբանելը` վերջին հանդիպման բովանդակության մասին որոշակի տեղեկատվության բացակայության պատճառով: Միաժամանակ Հարությունյանը նշել է ամերիկյան կողմի ակտիվացումը, վստահություն հայտնելով, որ ցանկացած բանակցություններ ավելի լավ են, քան դրանց բացակայությունը:  

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կողմերին կոչ են արել արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: «Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` ղեկավարվելով Հելսինկյան  ամփոփիչ համաձայնագրի սկզբունքներով: Ռազմական ուժի կիրառումը հիմնախնդրի լուծման չի հանգեցնի», - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ