News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում ընթացիկ տարվա 6 ամիսներին գրանցվել է գայլերի հարձակման 5 դեպք, ինչը մեկ դեպքով ավելի է նախորդ`2011թ-ի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերից: Ինչպես հայտնում է NEWS.am-ին Լոռիի թղթակիցը, այս 6 ամսում գայլերի հարձակման 5 դեպքերից 2-ը գրանցվել են Լուսաղբյուր համայնքում, մեկ դեպք Արջուտում,  մեկական դեպք` Ջրաշեն եւ Հալավար համայնքներում:

ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն նախորդ տարի մարզի ողջ տարածքում գրանցված դեպքերը թեեւ իրենց քանակով քիչ են, սակայն վնասները շատ ավելին են: 2011թ-ին գալերի հարձակման ամենամեծ դեպքը կրկին գրանցվել է Ջրաշեն գյուղում`200 ոչխարից հոշոտվել են 110-ը, հաջորդ դեպքը գրանցվել է Արջուտ գյուղում` 10 գլուխ ոչխար:

Այս դեպքերը թերեւս միայն ֆիքսված դեպքերն են, սակայն քիչ չեն դեպքերը, երբ գյուղացիները պարզապես անիմաստ են համարում կատարվածի մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին, իմանալով, որ միայն պետք է գան, ձեւական վնասի չափ ֆիքսեն ու հեռանան: «Եթե պետք է գան, վնասի չափը հաշվեն ու չփոխհատուցեն, ուր էլ գալիս են, էնա մենք մեր կրած վնասի չափը գիտենք»,-ասում են նրանք:

Բացի գայլերի հարձակումներից, նախորդ տարի մարզի Դեբեդ համայնքում գրանցվել են նաեւ շնագայլերի հարձակման մի քանի դեպքեր, ինչի արդյունքում տուժել են համայնքի մի քանի բնակիչների մանր եւ խոշոր եղջերավոր անասունները: Փաստորեն, ըստ վիճակագրության, նախորդ տարվա հետ համեմատած, պատկերը գրեթե նույնն է` Ջրաշեն, Լուսաղբյուր եւ Արջուտ համայնքները  համարվում են պարբերաբար գայլերի հարձակումների ենթարկվող համայնքներ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության մամլո խոսնակ Քրիստինե Սուքիասյանն ասել է, որ նախարարությունը այս տարի եւս չի փոխհատուցելու գայլերի հարձակումներից տուժած գյուղացիների վնասները:

 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ