News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում դոլարի փոխարժեքի աճի համար կան նաեւ միջազգային գործոններ: Այդ մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` մեկնաբանելով դոլարի փոխարժեքի տատանումները:

«Գործոններ կան նաեւ միջազգային: Շատ երկրներ, որոնք մեր արտահանման եւ ներմուծման գործընկերներն են, Ռուսաստան, Եվրամիություն, նույնպես դոլարի հետ տատանումներ եղան:

Որոշակի սեզոնային պահանջարկ կար, որ մայիսին դրսեւորվեց, եւ շարունակվում է հունիսին: Կարծում եմ` դա պիտի կանոնակարգվի եւ կանոնավորվի, քանի որ մեզ մոտ հուլիսը ստանդարտ կերպով միշտ լինում է ավելի հանգիստ ամիս: Սեզոնային զարգացումները տարիների ընթացքում միշտ այդ դինամիկան են ցույց տվել»,- նշեց նախարարը, իսկ առավել մանրամասն խորհուրդ տվեց դիմել Կենտրոնական բանկին:

Պատասխանելով հարցին` հուլիսին փոխարժեքը կնվազի՞, թե՞ կմնա նույն դիրքում, նախարարը հրաժարվեց կանխագուշակել դոլարի փոխարժեքը: «Ես երբեք գուշակություն չեմ արել: Ես ընդամենը նշում եմ մի փաստ, որ եթե պատմականորեն նայեք, փոխարժեքի ամենացածր ցուցանիշը եղել է հուլիս-օգոստոս ամիսներին: Որեւէ փաստարկ չկա, որ այս տարի նույն բանը չի լինելու»,- ասաց Գաբրիելյանը:

Դիտարկմանը, թե որոշ մասնագետներ նշում են, որ փոխարժեքի աճի պատճառն ընտրություններն էին, քանի որ որոշ ներդրումային նախագծեր դադարեցվեցին, ինչը բերեց տեղական արժույթի անկման, Վաչե Գաբրիելյանն ասաց. «Կոնկրետ նախագծեր ես չգիտեմ: Մշտապես ընտրությունների հետ կապված այդ խնդիրը կա, որ ներդրումային ծրագրերը նույն արագությամբ չեն իրականանում, բայց կարծում եմ, մեզանում ընտրությունները ցնցումներ չբերեցին, եւ ռեժիմի փոփոխություն չեղավ, եւ չեմ կարծում, որ նախագծերը շարունակեն հետաձգել»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հունիսի 19-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 416.76 դրամ: 2012 թ. դոլարի միջին փոխարժեքը բորսայում առաջին անգամ է գերազանցում 416 դրամի մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ