News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առանց վարանումի կարող եմ խոսել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 1 մլն-ից ավելի մարդկանց սպանությունը, այլ բառով դժվար է սահմանել։ Այս մասին, այսօր` հունիսի 20-ին, Երեւանում կայացած «փորձենք հասկանալ Թուրքիային» քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի Բելգի համալսարանի դասախոս Մուրադ Բելգեն։

«Ցեղասպանությունը բարդ երեւույթ է, որը ծանր մեղադրանքներ է առաջ բերում»,- նշել է Բելգեն։

Հարցին ի պատասխան, թե հնարավոր է նա հայկական ծագո՞ւմ ունի, Բելգեն հավաստիացրել է, որ ինքը մաքուր թուրք է, երկու տատերն էլ չերքեզ են եղել։ «Սակայն, ո՞վ կարող է հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 12 սերունդ առաջ։ Ամեն ինչ հնարավոր է։ 1915 թ. այն թուրքերը, որոնք սպանում էին հայերին, միայն այն բանի համար, որ նրանք հայ են, հնարավոր է նրանց մի մասի մոտ էլ հայկական արյուն կար, որի մասին նրանք չէին էլ իմանում»,- ասել է թուրք դասախոսը։

Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի կառավարությունը վերականգնում է Աղթամարի Սուրբ Խաչը, կամ Անիի եկեղեցիները, առանց նշելու, որ դրանք հայկական են, Բելգեն նշել է, որ դա պետական մակարդակով իրականացվող ազգայնամոլության դրսեւորում է։ Նա այս հարցի կապակցությամբ հիշեց Մերի Շելլիի Ֆրանկենշտեյնի վեպը, որի գլխավոր հերոսը բարի ցանկություններից դրդված փորձեր է կատարում, ինչի արդյունքում, սակայն հրեշ է կենդանացնում։

«Ինձ համար այդ հրեշը ազգայնամոլությունն է, որը դառնում է անկառավարելի եւ ինքն է սկսում ղեկավարել իր արարչին։ Թուրքիայի իշխանությունը փորձում է դրական գործ կատարել, վերականգնում է հայկական հուշարձանները, սակայն այն մարդը, ով պարտավոր է տեղադրել ծագման մասին ցուցանակը հուշարձանի վրա, ազգայնամոլական գաղափարներից դրդված՝ չի գրում դրանց հայկական ծագման մասին։ Դա անպատասխանատվություն է՝ վախեցած անձանց արարք»,- ասել է Բելգեն։

Թուրք ժողովրդի մեջ նման վարքը, Բելգեի խոսքով, ձեւավորվել է 1915թ.-ից հետո, երբ Ցեղասպանությունից հետո Թուրքիան պատասխանատվության չենթարկվեց։ Ավելին, Թուրքիայի իշխանությունն ամեն կերպ հերքել եւ հերքում է այդ իրադարձությունները, եւ այժմ, երբ չկա տեղեկատվական շրջափակում, այդ տեղեկություններն անհանգստություն են առաջացնում ազգայնականների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ