News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 3ա շենքի վերելակը գրեթե 3 ամիս է` չի աշխատում: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն ահազանգել են տարածքի բնակիչները:

NEWS.am-ի ընթերցողներից մեկը` Հասմիկ անունով, նամակ է ուղարկել մեր խմբագրություն` հայտնելով, որ շենքն ամբողջովին բնակեցված է, դիմել են  տարբեր ատյաններ` քաղաքապետարան, թաղապետարան, սակայն մինչ օրս  վերելակը չի աշխատում:

«Ես ինքս այդ բնակարանում չեմ ապրում (ամուսնացել եմ), բայց ծնողներս, քույր, եղբայր եւ այլ մեծ ու փոքր մարդիկ ապրում են այնտեղ: Հայրս տաքսու վարորդ է, որ առավոտյան շուտ տնից դուրս է գալիս եւ գիշերվա ուշ ժամին հոգնած բարձրանում 12 հարկ, իսկ ընդմիջում հաճախ չի անում`որ չբարձրանա: Մայրս 2 տարեկան թոռնիկին (կամ թոռներին` նայած թե երբ ոնց) է պահում, դե չթվարկեմ` զբոսանք, խանութ եւ այլն: Քույրս, որ ապրում է այդ տանը, աշխատում է Ֆինանսների նախարարությունում, եղբայրս ուսանող է»,- գրել է Հասմիկը` հավելելով, որ «ոչ մի հետամնաց երկրում 14 հարկանի շենքի վերելակը 3 ամիս անսարք չի մնում»:

Ահազանգի հետքերով դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, որ վերելակը բաժնային սեփականություն է եւ խորհուրդ տվեցին դիմել տվյալ շենքի համատիրություն:

Դավիթաշենի 1/2 համատիրության նախագահ Արտյոմ Վարդանյանը, ով աշխատանքներ է ձեռնարկում հարակից շենքի վերելակի անսարքությունը վերացնելու համար, նշեց, որ վերալակը չի աշխատում «ընդամենը» մեկ ամիս եւ 12 օր: «7 օրվա ընթացքում այդ վերելակը երկու անգամ վերանորոգել ենք, իմ աչքով եմ տեսել, թե ինչպես այդ մարդիկ, թեեւ վերելակը 350-400 կգ է, 600 կգ են բարձում եւ այդ նույն օրն էլ վառվեց: Մարդատարի շարժիչը հավաքած, պատրաստ, վրան է, ուղղակի ռեդուկտորը խնդիր ունի, մասնագետներին հրավիրել ենք, որ նայեն, բայց չգիտեմ, թե երբ այն պատրաստ կլինի` հնարավոր է 15 րոպեում լուծվի, կամ 7-8 օրում, իսկ բեռնատար վերելակի շարժիչը իջեցրել, տարել ենք մասնագետների մոտ, 8-10 օր, եթե ոչ ավելի, կպահանջվի այն սարքելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե ավելի սեղմ ժամկետներում հնարավոր չէ՞ր կազմակերպել այդ ամենը, նա նշեց, որ այն «դեֆիցիտ վերելակ է, եւ հնարավոր չէր ավելի վաղ սարքել, իսկ այդ 8-10 օրն ամենաարագն է, մարդիկ ամիսներով չեն կարողանում սարքել»:

Տպել
Ամենաշատ