News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրում ոչ նախորդ 4 տարվա գործունեության վերլուծություն տեսա, ոչ էլ այսօրվա իրավիճակի գնահատական: Այսօր` հունիսի 20-ին, ԱԺ-ում կառավարության ծրագգրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«2008-2012 թթ գործունեության ծրագրում, «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները» գլխում աղյուսակ կա «Աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները» վերնագրով: Այդ աղյուսակից տեղեկանում ենք, որ 2012 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարութան գործունեության արդյունքում, Հայաստանում աղքատության մակարդակը պետք է լիներ 11.2 տոկոս, 2008-ի 26.5-ի փոխարեն: Նախորդ եւ ընթացիկ տարվա աղքատության ցուցանիշները ամփոփված չեն դեռեւս:

Բայց 2010 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում, պաշտոնական տվյալներով 35.8 տոկոս է, մինչդեռ կառավարությունը պլանավորում էր 13.6 տոկոս: Կառավարության ծրագրում չի ասվում’ որքան է աղքատության այսօրվա մակարդակը: Նշվում է միայն, որ ծրագրվում է 8-ից 10-ը տոկոսային կետով կրճատել այն,-իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Ծրագրում աղքատության կրճատման ծրագրի ձախողման մասին ոչ մի վերլուծություն չկա: «Կեսբերան հղում անել գլոբալ ճգնաժամին բավարար չէ, դեռ պետք է համոզել, ապացուցել, որ գործադիրը ճիշտ է կառավարել ճգնաժամը, եւ իրապես կանխել նրա վատթարագույն ընթացքը: Նման ոչ մի փաստարկ, հիմնավորում կառավարության ծրագրում ես չտեսա, միայն դեկլարատիվ հայտարարություն’ ոչնչով չհիմնավորված:

Պաշտոնական գրեթե բոլոր թվերը ահազանգ են հնչեցնում, որ նախորդ տարիներին երկիրը ճիշտ չի կառավարվել: Ներկայացնեմ միայն մի ցուցանիշ. 2009 թվականին Հայաստանից արտահանվել է 621.3 տոննա լոլիկ’ պոմիդոր: Ներմուծվել է 138, 6  տոննա: Արդեն իսկ բավականին տխուր ցուցանիշ է Արարատյան դաշտավայր ունեցող երկրի համար: Բայց տեսեք ինչ է տեղի ունեցել 2011-ին’ արտահանումը նվազել հասել է 112,9 տոննա, իսկ ներմուծումը աճել հասել է 244.6 տոննայի: Արտահանումը նվազել է մոտ 81 տոկոսով, ներմուծումը ավելացել է 53.8 տոկոսով: Այս թվերի հետեւում Արարատյան դաշտի բերրի, բայց անմշակ մնացած հողեր են, վարկերի տակ ճռռացող հողագործներ, իսկ կառավարությունն իր ծրագրում խոստանում է «հարմարավետ գյուղի» հայեցակարգ իրագործել, այդպես էլ չբացատրելով, որ եթե ճգնաժամ է, ինչպես է պատահել, որ մեր երկրից լոլիկի արտահանումը 80 տոկոսով կրճատվել է, իսկ մի ինչ-որ երկրից դեպի մեր երկիր լոլիկի ներմուծումը 53.8 տոկոսով ավելացել: Էդ երկրում, որտեղից ներմուծում ենք, ճգնաժամ չկա՞: Եթե չկա, ուրեմն ճգնաժամն էնքան էլ գլոբալ չէ, որքան կառավարությունը փորձում է ներկայացնել»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

«Եվ ի վերջո, եթե ճգնաժամ է, ինչու են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները. պարոն Տիգրան Սարգսյանը, ըստ իր իսկ ներկայացրած հայտարարագրերի, 2008 թվականին անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ արդեն 2012 թվականին 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Էս ինչ ձեւի ճգնաժամ է, որ աղքատությունը աճում է ավելի քան տասը տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 տոկոսով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 տոկոսով, լոլիկի արտահանումը կրճատվում է 80 տոկոսով, նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ նվազում է 3.8 տոկոսով, իսկ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետի անձնական եկամուտները աճում են, (խնդրում եմ ուշադիր եղեք)’ դրամային եկամուտները 102.9 տոկոսով, կամ ավելի քան կրկնակի, դոլարային եկամուտները’ 3 հազար 933 տոկոսով, այսինքն’ մոտ 4 հազար տոկոսով, կամ 39 անգամ:

Ու էսքանից հետո Տիգրան Սարգսյանը կառավարության 2012 թվականի ծրագրում գրում է. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ այս ծրագիրը պահանջված է ու ժամանակին, եւ մենք ունենք ժողովրդի աջակցությունն այն կյանքի կոչելու համար»:

Ես դեմ եմ քվեարկելու այս կառավարությանը, որովհետեւ չեմ ուզում հաստատել շրջանառվող ասացվածքը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ կառավարության, շատ ավելի լավ կառավարության, որը ոչ թե կգնի սեփական ժողովրդի «աջակցությունը», այլ իրապես կարժանանա աջակցության: Այսօրվա կառավարությունը այդպիսին չէ»,-ամփոփել է իր խոսքը Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ