News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում երբեւէ չի եղել կառավարություն, որն ամբողջովին իրականացներ իր իսկ հռչակած ու խորհրդարանի կողմից հավանություն արժանացած ծրագրի բոլոր դրույթները: Եթե նախորդ կառավարությունների ծրագրերը գոնե 50%-ով կատարված լինեին, հիմա կոռուպցիան արմատախիլ եղած կլիներ, մաքսային մարմիններից բողոքներ չէին ստացվի, բիզնես միջավայրն ավելի լավը կլիներ, քան եվրոյի գոտում, օլիգոպոլիաները վաղուց լքած կլինեին մեր երկիրը, իսկ արտագնա աշխատանքի մեկնածները կգրոհեին օդանավակայանները` ժամ առաջ հայրենիք վերադառնալու հույսով:

Բայց այդ ամենը դեռ տեղի չի ունենում, իսկ կառավարություններին հաջողվում է բազում արդարացումներ գտնել ծրագրերը չիրագործելու համար: Երբեմն այդ արդարացումների կարիքը չկա էլ` Սահմանադրությունը չի պարտադրում կառավարությանը` գործունեության ծրագրի կատարման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել: Կառավարության գործունեության ծրագիրն ավելի շուտ ուղեցույց է, քաղաքական փաստաթուղթ, որի իրավական ուժը բավական ցածր է: Միջինժամկետ հեռանկարում կառավարության համար շատ ավելի կարեւոր է միջինժամկետ ծախսերի ծրագիրը, քան գործունեության ծրագիրը: Իսկ տարեկան կտրվածքով կառավարության գործունեության վերահսկման հիմնական մեխանիզմը պետական բյուջեն է, սակայն այն պլանավորելիս առաջնություն է տրվում ընթացիկ կանխատեսումներին, այլ ոչ թե կառավարության ծրագրերի հիմքում ընկած թվերին; Այդ պատճառով էլ, օրինակ, առողջապահության եւ կրթության ֆինանսավորումը երբեք չհասան այն մակարդակին, որ նախանշված էր 2007 թ. ծրագրում:

Նոր ծրագրում կառավարությունը փոխել է ակնկալվող արդյունքների կառուցվածքը: Հանվել են նախկինում հռչակված մի շարք դրույթներ, որոնք այսպես, թե այնպես ի կատար չեն ածվել (տարածքային անհամամասնությունների էական նվազեցումը, առողջապահության ֆինանսավորումը` ՀՆԱ-ի 2.2%-ի չափով, կրթության ֆինանսավորումը` ՀՆԱ-ի 3.5%-ի չափով): Սակայն պահպանվել են այն ակնկալիքները, որոնք ուղղակի առնչվում են կենսամակարդակի հետ` կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում, նոր աշխատատեղերի ստեղծում: Ավելացվել են դրույթներ` նվազագույն աշխատավարձի բարձրացման, երեխաների առողջապահական ապահովման, ծնելիության խթանման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ` կառավարության ծրագիրն ակնկալվող արդյունքների առումով չի կարելի մաքսիմալիստական համարել, սակայն չի կարելի պնդել, որ զերծ է ռիսկերից: Կառավարությունն իր ծրագրում նշել է միայն արտաքին ռիսկերի մասին, ինչպես օրինակ` մետաղների գների անկումը, Ռուսաստանից տրանսֆերտների նվազումը (նավթի եւ գազի գների անկման պատճառով), Եվրոպայում պահանջարկի նվազման պատճառով արտահանման կրճատումը;  Սակայն չի կարելի անտեսել, որ ռիսկերի մի մասն ունի նաեւ ներքին ծագում` գյուղատնտեսական սեզոնի պարբերականությունը, ֆինանսական շուկայի անկայունությունը, բարեփոխումների նկատմամբ վարչական ապարատի դիմադրողականությունը, օլիգարխիկ կառույցների ճնշումները եւ այլն:

Կառավարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձրել ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ու դա դրական հանգամանք է: Բարեբախտաբար` ծրագրի գերակայություններից հանվել է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման դրույթը, որն ըստ երեւույթին այնտեղ հայտնվել էր միջազգային կառույցներից մի քանի դրամաշնորհ պոկելու ակնկալիքով; Փոխարենը մեծ տեղ է հատկացված պետական կառավարման համակարգի բոլոր օղակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, որն ինչ խոսք` դրական առաջընթաց է:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ