News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Տիգրան Մեծ փողոցում միջին տարիքի մի կին շրջելով տնետուն  ներկայանում է, որպես Գյումրիի մանկատան աշխատակից եւ օգնություն խնդրում բնակիչներից: Ավելին` նա հագուստի վրա «բեյջ» ունի փակցված, որտեղ նշվում է, թե ինքը Գյումրիի մանկատան աշխատակից է: Նա բնակիչներին ձեռքի տակ եղած ցուցակն է ներկայացնում, թե քանի քաղաքացիներ են հանգանակություն կատարել մանկատան սաներին օգնելու նպատակով:

NEWS.am-ի հարցումները Գյումրիում գործող մանկատների տնօրենների շրջանում պարզեցին, որ գումար մուրացող կինը պարզապես խաբեբա է: «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարինե Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք ցերեկային խնամքի կենտրոն են եւ, որ իրենց աշխատակիցները նման աշխատանքով չեն զբաղվում: «100 տոկոսով կարող եմ ասել, որ մեր աշխատակիցները չեն»,- ավելացրեց փոխտնօրենը:

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում  ասաց, որ խնդիրն իրեն ծանոթ է եւ իրեն շատ բնակիչներ են այդ մասին ահազանգել: «Շատ ուրախ կլինեի, որ բացահայտվեր, թե դա ո՞վ է եւ ո՞վ կարող է իրեն նման ստորություն թույլ տալ: Ավելին` այդ ամենը տարբեր ժամանակահատվածներում է  տեղի ունենում: Մի քանի ամիս էր նման ահազանգ չէի ստացել, խնդրեմ դուք կատարվածի մասին ահազանգեցիք: Ժողովուրդը եւ բնակիչները պետք է այնքանով իրազեկ լինեն, որ անմիջապես համապատասխան օրգաններին դիմեն: Ես նախարարությանն եմ զգուշացրել, բայց ոստիկանությանը հաղորդում չեմ տվել»,- նշեց մանկատան տնօրենը:

«Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գինուշ Զատիկյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենցը խնամքի հաստատություն է, հավելելով. «Ես ինչպես կարող եմ Գյումրիից մարդ ուղարկեմ Երեւան այն էլ նման բան անելու: Մենք նման բան չենք արել, չենք էլ անի երբեք»:

NEWS.am-ը դիմեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական վարչության պետ Հասմիկ Խաչատրյանին, ով նշեց, որ մի քանի ամիս առաջ նման ահազանգ ստացել են: «Եւս մեկ անգամ զգուշացնում ենք, որ պետական մանկատները ապահովված են ամեն ինչով եւ նման խնդրանքով, պահանջով  բնակիչներին դիմած քաղաքացիների առաջ  պետք է փակեն դուռը եւ անհապաղ ոստիկանություն դիմեն»,- ավելացրեց Հասմիկ Խաչատրյանը:

Տպել
Ամենաշատ