News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Դա սուտ է, դա կեղծիք է, նման բան տեղի չի ունեցել»,-այսկերպ արձագանքեց Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը` անդրադառնալով ԱԺ նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցած հայտնի քվեաթերթիկի պատմությանը, որի վրա, ըստ լուրերի, «Մուկ» է գրված եղել եւ որը հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվել եւ դրել է գրպանը:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Ռաֆիկ Գրիգորյանը շուտով զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, նա արձագանքեց. «Նման բան չի քննարկվել: Ինչ կորոշի կուսակցությունը, այն էլ կանեմ»:

Հարցին, թե նման առաջարկի դեպքում կհամաձայնի՞, թե` ոչ, նա պատասխանեց. «Կարծում եմ` կոռեկտ չէ իմ համաձայնության մասին այս պահին խոսելը: Արդեն քանի տարի ես քաղաքականության մեջ եմ, եւ գործադիր մարմնի ցանկացած որոշում պարտադիր է: Մի մոռացեք, որ ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, եւ մարզային խորհրդի նախագահ: Ես ո՞նց կարող եմ կուսակցության որոշումները չկատարել»:

Պատգամավորը նաեւ չասաց, թե երբ է ՀՀԿ-ն քննարկելու մարզպետի հարցը: «Ես չեմ կարող ասել այդ մասին:  Գործադիր մարմնի նիստից առաջ է որոշվում օրակարգը: Կոնկրետ վաղվա գործադիր մարմնի նիստի օրակարգը ինձ դեռ հայտնի չէ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների մասին հարցին, Ռ. Գրիգորյանն ասաց. «Անուններ չեմ ուզում տալ, կան ուժեղ թեկնածուներ: Եթե ինձ հարցնեին, ես կառաջարկեի թեկնածուների անունները եւ համատեղ աշխատանքի արդյունքում ավելի արդյունավետ կլիներ մեր աշխատանքը, ես օրենսդիր դաշտում, իսկ ինքը` գործադիր: Կոնկրետ այս պահին, ես արդյունավետ եմ աշխատում օրենսդիր մարմնում»:

Տպել
Ամենաշատ