News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը մեջբերում է The Armenian Weekly խմբագիր, Rutgers համալսարանի «Հայոց ցեղասպանություն» ծրագրի համակարգող  (ԱՄՆ) եւ Քլարքի համալսարանում  Հոլոքոստի եւ ցեղասպանության թեմայի ուսումնասիրությամբ դոկտորի աստիճանի արժանացած Խաչիկ Մուրադյանի ակնարկը, որը պատմում է Թուրքիայի Դիրաբեքիրի շրջանի Չնքուշում 10 հազար հայերի կոտորածի վայր այցելության մասին

«Նրանք այստեղ հայերին բերում էին հազարներով, խլում նրանց ունեցվածքը եւ նետում կիրճը», – ասում է քուրդ գյուղացին, որը մեզ բերեց այստեղ:

Ըստ տեղացիների` կիրճն անհուն է: Հայերն ու քուրդերն այն անվանել են Դուդան, այն հայտնի է նաեւ որպես Յուդան Դերե:

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ 10 հազար հայեր են քշվել այստեղ թուրք ժանդարմների կողմից եւ սպանվել: 

«Մեր գյուղում մի կին էր ապրում: Նա 104  տարեկան էր… Նա  տեսել էր ադ ամենը»:

Մի փոքր մտածելով` նա ավելացնում է. «Բոլորն այդ մասին գիտեն»:

Կիրճ տանող ճանապարհը մենք հարցրինք մի տղամարդուց: Նա եկավ մեզ հետ: Երբ հասանք, մեր վարորդը` դիարբեքիրցի քուրդ, հարցրեց. «Ի՞նչ է այստեղ տեղի ունեցել»:

«Ոչինչ», - արագ պատասխանեց տղամարդը:

«Ասում են` այստեղ ինչ-որ բան է եղել հայերի հետ»,- շարունակեց վարորդը:

Տղամարդը կորցրեց համբերությունը: «Ես չգիտեմ»,- մի կերպ ասաց նա եւ դուրս  նետվեց մեքենայից:


***

Չնքուշի հայերի կոտորածի վայրն ամենաահավորներից մեկն է: Պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանը գրում է.

«Սկզբում սպանում էին տղամարդկանց. կապում էին մի քանիսին, տասից քիչ, այնուհետեւ դահիճներն սպանում էին նրանց եւ մարմինները  նետում ձորը: Նույնն անում էին կանանց հետ, միայն սկզբում խուզարկում էին եւ կտրում կոկորդը: Նրանցից ոմանք անձամբ էին նետվում անդունդը երեխաների հետ»:

Իր հիշողություններում ամերիկացի  միսիոներ Հենրի Ռիգսը, որն աշխատել է Խարբերդում, նկարագրում է Դուդանը որպես «հայտնի քարանձավ` մի քանի հարյուր ոտնաչափ ուղղահայաց իջվածքով»: «Ասում են` քաղաքի ամբողջ բնակչությունն այստեղ է քշվել կոտորածի համար»:

Ողջ չի մնացել համարյա ոչ ոք: Ոչ մի հայ, գրում է Քարնիգ (Գառնիկ) Կեւորգյանը Չնքուշի մասին իր գրքում, այդտեղից դուրս չի եկել դեպի Հալեպ, Դեր Զոր կամ Արաբիայի այլ մարզեր արյունալի արտաքսման ճանապարհը: 

***

«Այստեղից մահվան հոտ է գալիս», – ասաց  Ջորջը` իմ ուղեւորներից մեկը: – «Ես այլեւս այստեղ չեմ դիմանում»: Եւ վերադարձավ մեքենա: 

Մենք լուսանկարում ենք,  տեսագրում եւ  զննում տեղանքը:

Վերադարձի ճանապարհին քուրդ գյուղացին մոտենում է մեզ եւ հարցնում. «Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել»:
«Խնդրեմ»:

«Իմ տատիկը շատ իրեր է գտել: Նրանք հայերին են պատկանել …: Դե, գյուղացիներն ասում են, որ իբր նրանք ոսկուց են եղել, սակայն երբ  գտել են դրանք, նրանք դարձել են մետաղ»:

Ես շփոթված եմ: «Մի՞թե»:

«Այո, այո: Ասում են նաեւ, որ եթե որեւէ մեկը կարդա դրանց վրայի հայերեն մակագրությունները, դրանք նորից ոսկի կդառնան: Ահա ես էլ ուզում էի ձեզ խնդրել կարդալ դրանք»:

«Չեմ կարծում, որ  ի վիճակի եմ նման բանի, բայց բերեք»:

«Ես ուզում եմ տեսնել, մենք զգույշ կլինենք», - ասում եմ  ուղեկիցներիս:

Նստում ենք եւ  գնում նրա մեքենայի հետեւից: Մի քանի րոպե անց նա կանգ է առնում  դաշտի եզրին: Մի քանի րոպե անց տեսնում ենք դեպի մեզ եկող մի տղամարդու, կնոջ եւ մի քանի երեխաների գործիքներով, պղնձե եւ արծաթե  սկուտեղներով եւ կենցաղային ապրանքներով…

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ