News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է. «Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանի` տրանսպորտի եւ  կապի նախարար նշանակվելու փաստին, տարօրինակ հայտարարություն է արել.

«Նա լուրջ կազմակերպչական կարողություններ ունի: Կենտրոնի թաղապետ եւ Երեւանի քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում Գագիկ Բեգլարյանն այդ կարողությունների առկայությունն ապացուցել է: Իհարկե, ամեն մարդու կյանքում լինում են բաներ, որոնք խոչընդոտում են նրա կարիերան, սակայն եթե մարդն ունի ունակություններ, ու եթե նա իր արարքի համար կրել է պատասխանատվություն, կարծում եմ` տրամաբանական չէ` չօգտագործել այդ մարդու ունակությունները»:

Հիշեցնենք, որ Գ. Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել 2010 թվականի դեկտեմբերին, երբ աշխատավայրից առեւանգել էր հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակցին, տարել իրեն պատկանող «Մետաքս» գործարանի տարածք եւ ֆիզիկական հաշվեհարդար տեսել` իրեն անձնական «վիրավորանք» հասցնելու համար:

Ցանկացած այլ երկրում, նույնիսկ հարեւան սուլթանությունում, որեւէ պաշտոնյայի համանման արարքը չէր կարող մնալ առանց համապատասխան քրեական պատժի եւ պատասխանատվության, սակայն Բեգլարյանի դեպքում«պատիժ» համարվեց քաղաքապետի պաշտոնից նրա հրաժարումը, ինչն էլ Գ. Մինասյանը բնորոշում է «կրել է պատասխանատվություն»արտահայտությամբ, եւ որը ԱԺ պատգամավորի շուրթերից հնչում է համարյա որպես զավեշտ:

 Ի դեպ, թե հանրությունը, թե նաեւ լրատվամիջոցները առ այսօր լուր չունեն Գ. Բեգլարյանի` պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ, հետեւաբար մնում է ընդունել, որ պատգամավոր Գ. Մինասյանի կողմից իբրեւ«պատասխանատվություն» ընկալվում է հենց պաշտոնազրկությունը:

Փաստորեն, իշխանություններն իրենք են խոստովանում, որ իրենց համար բարձրագույն արժեքներ են հռչակված պաշտոնն ու աթոռը, իսկ որպես խստագույն պատիժ դիտարկվում է դրանցից զրկվելը: Հետեւաբար, այս«արժեհամակարգի» պարագայում ցանկացած քրեական պատասխանատվություն նսեմանում է այն «պատասխանատվության» դիմաց, որին ենթարկվում են հայ պաշտոնյաները հարազատ կուսակցության կամ կուսակցապետի կամոք պաշտոնազուրկ լինելիս»:

Տպել
Ամենաշատ