News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Այս ձեւաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարեւորագույն միջոցառում:

Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է կայուն զարգացման եւ բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսել տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:

Նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներառված էր 1992թ. գագաթաժողովում եւ դրան հաջորդող 20 տարիների ընթացքում ջանքեր է գործադրել  հնարավորինս իրականացնելու առաջին գագաթաժողովի հռչակագրից բխող պարտավորությունները:

1994թ.-ից սկսած Կայուն Զարգացման տեսությունը եւ կիրառությունը ներառված են ՀՀ համալսարանների կրթական ծրագրերում:

2002թ.-ին Հայաստանի կառավարությունը հիմնել է Կայուն Զարգացման Ազգային Խորհուրդ, իսկ այնուհետեւ՝ Կայուն Զարգացման Ծրագրի Գործողությունների Համակարգման Խորհուրդ:

2011-ին ստեղծվել է Ազգային Համակարգող Կոմիտե՝ այս գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը նախապատրաստելու համար, որը հանգամանալից աշխատանք է անցկացրել, մշակել եւ ակտիվ հանրային քննարկումներից  հետո այս կարեւոր հանդիպման նախօրեին հրապարակել է «Ռիո+20» Հայաստանի Ազգային Գնահատման Զեկույցը:

Այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի եւ արձանագրությունների եւ այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

Այս գագաթաժողովի շրջանակներում հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների եւ առաջատար համալսարանների հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ նվիրված  կայուն զարգացման ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությանը, որը բավական արդյունավետ ընթացք է ունեցել:

 «Հազարամյակի հռչակագրի կարեւոր մաս նվիրված է անվտանգության եւ կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:

Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:

Այսօր, մենք ականատես ենք հարեւան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը եւ զարգացմանը», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

«Ռիո+20» գագաթաժողովի փոխնախագահ, ի թիվս այլ երկրների, ընտրվել էր եւ Հայաստանը, եւ այդ կապակցությամբ գագաթաժողովի նստաշրջանը հաջորդաբար վարում էր նաեւ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ