News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի ձերբակալվածների թիվը կավելանա: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հայտնում  է «Արմենպրես»-ը:

«Ինձ ավելի շատ զարմացնում է կասկածը, որ գործը կարող է ուղղորդվել կամ այլ ընթացք ստանալ: Զեկուցում եմ, որ ոստիկանությունն այս ամիսների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է իր կոչմանը»,- ասել է Գասպարյանը: Նա  նաեւ նշել է, որ «իրենք գնում են երեւույթների եւ ոչ թե անձերի հետեւից»:

«Ռուբեն Հայրապետյանն ընդամենը այդ համալիրի սեփականատերն է: Ցանկացած պարագայում ոստիկանությունը, տեսնելով որեւէ մեկի մեղքը, անկախ անձից, զբաղեցրած դիրքից, պետք է հետեւողական լինի, որ նա օրենքի առաջ պատասխան տա: Այս պարագայում սին եմ համարում խոսակցությունները սեփականատիրոջ մասին»,-նշել է  ոստիկանապետը, ընդգծելով, որ նախաքննությունը կորոշի մեղքի չափը:

Ոստիկանապետի խոսքով, համարելով, որ գործի մասնակիցները զինվորական ծառայողներ են, գործն ուղղորդվել էր Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, սակայն գլխավոր դատախազի հետ զրուցելուց հետո գործը վերադարձվել է ոստիկանություն, քանի որ հիմնավորվել են օպերատիվ տվյալները: Այժմ գործը գտնվում է քննչական գլխավոր վարչության վարույթում: «Այն գնում է օբյեկտիվ, ճշմարիտ եւ թափանցիկ»,-վստահեցրել է Վ. Գասպարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ծեծի էին ենթարկվել ռազմական հոսպիտալի բժիշկներ՝ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ Կյաժ մականունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ