News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ եւ ԼՂՀ վարչախմբերը իրենց իշխանությունը ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են հակամարտության լուծման իրավունքն իրենց վերապահած ուժային կենտրոնների շահերին չխոչընդոտելու եւ դրանց համահունչ լինելու անողնաշար վարքագիծ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը:

«Սարդարապատի» հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը եւ հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական եւ տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաեւ այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը եւ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արեւելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին:

Իրադարձությունների զարգացման միտումները խոսում են այն մասին, որ հայության ռազմավարական շահերը վտանգված են ինչպես Արցախում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում, առաջին հերթին` Սիրիայում, որտեղ իրավիճակի հավանական վատթարացումը կարող է հանգեցնել հայերի զանգվածային տեղահանության եւ արտագաղթի: 

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պատկերի մեջ հայության կենսական շահերի առավելագույն իրացումն ապահովելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է հայ ժողովրդի ձեռքում պահել Արցախյան հակամարտության լուծման բանալին, ինչի գրավականը հետեւյալ գործոններն են.

- Արցախի հայաբնակություն,

- ազգային բանակով պաշտպանվածություն,

- դիրքային եւ ռելիեֆային առումներով օպտիմալ սահմանային գծով պարփակված պաշտպանական ենթակառույցի առկայություն:

Մինչդեռ Հայրենիքի հազարամյա հողին կյանք ու շունչ հաղորդելու փոխարեն ՀՀ եւ ԼՂՀ վարչախմբերը իրենց իշխանությունը ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են հակամարտության լուծման իրավունքն իրենց վերապահած ուժային կենտրոնների շահերին չխոչընդոտելու եւ դրանց համահունչ լինելու անողնաշար վարքագիծ: Նրանք հայրենի հողի ազատագրված հատվածները ներկայացնում են ընդամենը որպես անվտանգության գոտի ստեղծելու նպատակով զբաղեցված տարածքներ, որոնք հակամարտությունն այդ ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծվելու պարագայում նախատեսում են վաճառքի առարկա դարձնել:

Այս անհեռանկար, պարտվողական եւ հայության ներուժն սպառող քաղաքականության հետեւանքով ոչ միայն կասեցվել է հրադադարի հաստատումից հետո սկիզբ առած բնակեցման գործընթացը, այլեւ տեղի է ունենում վերաբնակիչների արտագաղթ, ինչը սպառնում է ազատագրված տարածքների վերջնական հայաթափման հետեւանքով հակամարտությունն ի վնաս հայության լուծելու առարկայական նախադրյալների ձեւավորմամբ:

ՀՀ եւ ԼՂՀ վարչախմբերն իրենց քաղաքական սնանկության բացը փորձում են լրացնել Ադրբեջանական կողմի դիվերսիոն ակտերին սիմետրիկ պատասխաններ տալով, ինչն իրականում ընդամենը բանակի նվազագույն ու առօրյա պարտականությունն է եւ նույնիսկ հակառակորդի գործողություններից մի քանի անգամ արդյունավետ իրականացնելու պարագայում չի կարող դառնալ զսպման գործոն:

«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ եւս ազդարարում է, որ ռազմական առումով լուծված Արցախյան հարցի ամբողջական ու անշրջելի լուծման միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է եւ դրանց յուրացումն ու բնակեցումը զարգացման համընդգրկուն ազգային ծրագրի վերածելը: Որպես այդ ծրագրի բաղադրիչ պետք է դառնա Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության զոհերի հետնորդներին իրենց ներկա բնակության երկրներում սպառնացող աղետալի հետեւանքներից փրկելու նպատակով կենսական տարածքի տրամադրումը: Հապաղումը հավասարազոր է հանցավոր անգործության, քանզի անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի երկրների հայկական գաղութների, առաջին հերթին՝ սիրիահայության, գործոնի կազմալուծմանը եւ զգալի չափով կնվազեցնի Արցախի հարցի ամբողջական հայանպաստ լուծման փաստական նախադրյալների ձեւավորման ռեսուրսը:

Նման պայմաններում ընթացող Արցախի նախագահի ընտրություններում ներգրավված ժողովուրդը, բանակն ու քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել, որ Արցախի անկախությունը պետք է օգտագործվի բացառապես ի նպաստ Արցախը ՀՀ-ին վերամիավորման, նրա տարածքի հայացման եւ հայրենացման, քանզի մնացած բոլոր ճանապարհները Հայ ազատամարտիկների արյան ու Հայ ժողովրդի կրած զրկանքների ուրացում է եւ դավաճանություն»:

Տպել
Ամենաշատ