News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք միշտ դրական ենք վերաբերել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները եւ հերթական անգամ հավաստում ենք մեր պատրաստակամությունը հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին եւ հանձնարարականներին: Դրա հետ մեկտեղ ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձեւով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը եւ այլն: Ցավոք, պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականությունների մեջ է մտնում տարածաշրջանում անվտանգության համար պայքարելը, հրաժարվում է հիմնախնդրի լուծման քաղաքակիրթ միջոցներից: Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կդրսեւորեն կառուցողականություն եւ կհրաժարվեն զինյալ-ուժային շանտաժի եւ դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից, որոնք սպառնում են տարածաշրջանի փխրուն անվտանգությանն ու կայունությանը: Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխոսության հունով, ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությամբ է հնարավոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում եւ կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ