News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի Ջոն Հոփքինսի համալսարանում հունիսի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել «Հակամարտությունների կանխումը Կովկասում. Արդյոք Ռուսաստանը գործընկեր է, թե` ոչ» («Averting Conflict in the Caucasus: Is Russia a partner or a Spoiler?») թեմայով: Միջոցաառումը հսկայական հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ-ի վարչակազմի դիվանագիտական ներկայացուցիչների եւ ուսանողների շրջանում:

Ինչպես հաղորդում է Turan-ը, զեկուցողները եղել են Բաքվում եւ Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Ռիչարդ Կոզլարիչը եւ Ջոն Էվանսը: Արդյունքում երկու հիմնական եզրահանգում է արվել. ԱՄՆ-ն Կովկասի հարցով պետք է հաշվի նստի Ռուսաստանի հետ եւ Մոսկվային նյարդայնացնող կտրուկ քայլեր չանի (օրինակ` Կոսովոյի ճանաչումը):

Միաժամանակ, եթե Ադրբեջանը եւ Հայաստանը խաղաղություն են ուզում, պետք է երկխոսություն սկսեն, թափանցիկություն ապահովեն, ժողովուրդներին հաշության նախապատրաստեն եւ ժողովրդավարությունն ամրապնդեն իրենց երկրներում:
«Ազատ մամուլ եւ ընդդիմություն չունեցող հասարակություններին հնարավոր չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմով խաղաղություն պարգեւել», - նշել է Էվանսը:

Երկու երկրների նախագահները պարբերաբար հանդիպում են, սակայն նրանք շահագրգռված չեն գործընթացի թափանցիկության եւ հասարակության տեղեկացվածությունն ապահովելու հարցում: Այդ պատճառով հաճախ հնչում են հաղթանակի, այլ ոչ թե հաշտության կոչեր:

Էվանսը եւ Կոզլարիչը կարծում են, որ  «բանակցությունների երանգը եւ արտահայտչաձեւը»  պետք է փոխվեն: Կողմերը պետք է մեկընդմիշտ հրաժարվեն 100%-անոց հաղթանակի գաղափարից: Հակառակ դեպքում, տարածաշրջանում առավել ավերիչ պատերազմ կսկսվի: Այդ ամենը վնաս կհասցնի ոչ միայն կողմերին, այլեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերին:

Նախկին դեսպանները Վաշինգթոնին խորհուրդ են տվել Պուտինի վրա ճնշում գործադրելու քաղաքականություն չվարել: 

«Մոսկվան Ղարաբաղում ոչ պատերազմով է շահագրգռված, ոչ` խաղաղությամբ» - կարծում են երկու դիվանագետները:

Կոզլարիչի խոսքով` Ռուսաստանը վախենում է, որ տարածաշրջանային խաղաղությունը կթուլացնի տարածքում Մոսկվայի ազդեցությունը: Այդ պատճառով Կրեմլը խորհում է ոչ թե խաղաղության, այլ խաղաղ գործընթացի տպավորության ուղղությամբ:
Իր հերթին Ջոն Էվանսը կարծում է, որ Մոսկվան անհանգստացած է պատերազմի հավանականությամբ, որը մեծ վնաս կհասցնի իր շահերին, եւ վերջին երկու տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ է կազմակերպում: Ինչ վերաբերում է իրավիճակի հեռանկարներին, նախկին դեսպանները չեն կարողացել միասնական կարծիք ձեւավորել:

Միաժամանակ նրանք անհրաժեշտ են համարում երկխոսության շարունակությունը, իսկ հայ-թուրքական մերձեցումը եւ Մոսկվայի ձգտումների թուլացումը կարող են դրական ազդեցություն թողնել խաղաղության ձեռքբեման վրա: Այնուամենայնիվ, առանց երկու հասարակությունների ներքին ազատության, խաղաղության հասնելը կլինի խնդրահարույց, կարծում են դիվանագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ