News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս անձամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, տեսակցել «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված բժիշկներին, ծանոթացել է նրանց առողջական վիճակին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պաշտպանության նախարարը հոսպիտալում հանդիպել է նաեւ միջադեպի հետեւանքով տուժած բժիշկների հարազատներին, վստահեցրել է, որ իրավապահ մարմինները հաստատակամ են հարուցված քրեական գործի շրջանակներում բոլոր մեղավորներին բացահայտելու եւ նրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար: Հոսպիտալ են այցելել նաեւ ռազմական բժշկության ոլորտի պատասխանատու բարձրաստիճան զինվորականներ»,- հայտնել են նրանք:

ՊՆ-ից NEWS.am-ին նաեւ վստահեցրին, որ միջադեպի օրվանից իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցները գործի նախաքննությունը իրավական դաշտում, օրենքի շրջանակներում կազմակերպելու համար:

«Պաշտպանության նախարարությունը զերծ է մնացել անօրինականությանը անօրինական կերպով արձագանքելուց: ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ անձամբ Սեյրան Օհանյանը ուշադրությամբ հետեւում են ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին: Վստահ ենք, որ միջադեպի բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը»,- ասացին նրանք` անդրադառանլով մեղադրանքներին, որ ՊՆ անտարբեր է տեղի ունեցած միջադեպեին եւ հավուր պատշաճի քայլեր չի ձեռնարկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ Կյաժ մականունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ