News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի կապակցությամբ Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է ինքնիրավչության, վանդալիզմի եւ անպատժելիության ցանկացած դրսեւորում, անկախ դրա կատարողների «տերերի» կարգավիճակից, առավելեւս երբ այն ուղղված է ազնվագույն եւ ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցչների` բժշկների հանդեպ: Բժիշկներ, ովքեր փրկել են բազմաթիվ կյանքեր, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հիվանդ զինվորականներ վերականգնել են իրենց առողջությունը եւ շարունակել ծառայությունը Հայկական բանակում:

Կոչ ենք անում բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ:

Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` բարեխղճորեն աշխատել բոլոր մեղավորներին հայտնաբերման եւ օրենքի ողջ խստությամբ պատժելու համար` ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն եւ թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսեւորումների:

Մեր աղոթքն ենք հղում առ Աստված` ողջ եւ առողջ պահելու մեր տուժած գործընկերներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ «Կյաժ» մականունով:

Տպել
Ամենաշատ