News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանն հունիսի 15-16-ին այցելել է Ֆրանսիայի` Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարեւորության շրջաններից մեկն է` տնտեսական եւ քաղաքական ներուժի տեսանկյունից։ NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ այցի շրջանակներում դեսպանն առանձնազրույցներ է ունեցել շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի եւ Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվել է Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ Ռոն-Ալպ շրջանի միջեւ ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները: Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի եւ Դեսինի քաղաքապետ Ժերոմ Ստյուլայի հետ ՀՀ դեսպանը քննարկել է Վիլյորբան-Աբովյան եւ Դեսին-Ստեփանավան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրականացվող համագործակցության հարցերը:

Հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելել է նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։ Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։ Հունիսի 16-ին Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների շքեղ սրահում կազմակերպված բազմամարդ ընդունելությանը, որին հաջորդել է Հայաստանում գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքի շրջանակներում կազմակերպված Արցախին նվիրված գիտաժողով։ Բանախոսություններով հանդես են եկել մի շարք պատմաբաններ եւ արվեստի պատմության մասնագետներ, որոնք ներկայացրել են Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճարտարապետության, մանրանկարչության, խաչքարերի ու գորգարվեստի բացառիկ նմուշներին: Միջոցառմանը ներկա քաղաքական, մշակութային, հասարակակական, լրագրողական ու համայնքային շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիների առջեւ ողջույնի խոսքերով հանդես է եկել Լիոնի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ