News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» ՓԲԸ թիվ 0098 բաժանմունքի վրա ավազակային հարձակում կատարած 28-ամյա Սահակ Կ.-ն նույն օրը ժամը 21.15-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 46 հասցեի մոտից բերման է ենթարկվել: Վերջինս բռնվելու պահին իր մոտ եղած 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին եւ պատճառել վնասվածքներ, ապա  դեն նետել դանակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառյությունից: Սահակ Կ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Դանակն ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» բաժանմունքի վրա հունիսի 20-ի երեկոյան ավազակային հարձակում է  տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 2 տուժող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը: Ի դեմ տուժողներից մեկն էլ նա է: Ս. Ասլանյանի ներկայացմամբ, ժամը 15.00-ի սահմաններում  անզեն մի երիտասարդ ներխուժել է Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունք, որտեղ եղել է միայն բաժանմունքի պետը՝ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը։ Ներխուժած երիտասարդը հարձակվել է բաժանմունքի պետի վրա, կապել բերանը եւ ձեռքերը, ծեծի ենթարկել նրան: Հարվածները հասցրել է բռունցքով եւ հիմնականում գլխի եւ դեմքի հատվածում, հիմնականում վնասելով աչքի հատվածը: Ծեծից հետո գումար է պահանջել, սակայն չստանալով գումարը, վերցրել է բաժանմունքի պետի դրամապանակը, որի մեջ եղել է 7 հազար դրամ եւ 20 դոլար գումար, նաեւ «Նոկիա» մոդելի  հեռախոսը: Նրա փախուստը փորձել է կասեցնել Սվետլանա Ասլանյանը, որի արդյունքում հարված է ստացել նաեւ նա: Երկու տուժածներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ավելի ուշ` գիշերը ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնի  աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել եւ ձերբակալել  ավազակային հարձակման մեջ կասկածվող ` 28-ամյա Սահակ Կարապետյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ