News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կառավարության նախաձեռնությամբ, այսօր` հունիսի 21-ին` ԱԺ 5-րդ գումարման 1-ին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ազգային ժողովը քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Լիցենզավորման ոլորտում առաջարկվող քաղաքականության նպատակն է պարզեցնել եւ հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ինչպես նաեւ հեշտացնել  լիցենզավորման գործընթացը: Ըստ փաթեթի` լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են  իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, նաեւ կանոնադրության փոփոխության պատճենները:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճար վճարող համարվելու դիմում-հայտարարությունը ներկայացնել ցանկացած ամսվա ընթացքում: Առաջարկվում է նաեւ վերանայել արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածները` հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով տարվա ցանկացած ժամանակահատվածի համար  համարվելու արտոնագրային վճար վճարող: Սահմանվում է արտոնագրային վճարի չափը նվազեցնող գործակից, որը, կախված արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տեւողությունից, յուրաքանչյուր ամսվա հաշվով կնվազի 0.02 գործակցով` արդյունքում նվազեցնելով նաեւ տվյալ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը: Միեւնույն հասցեում գրանցված անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, երեխաներին, եղբայրներին, քույրերին հնարավորություն է տրվում միեւնույն թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնելու մեկ արտոնագրով` միաժամանակ ամրագրելով, որ այդ դեպքում արտոնագրային վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար յուրաքանչյուր վարորդի մասով ավելացվում է 1000 դրամով: Վարչարարության իրականացման տեսանկյունից առավել հեշտացվում են պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգերը:

Փաթեթում ընդգրկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է վերանայել մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը` սահմանելով, որ հիշյալ անձանց պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն անցկացվում է տարին մեկ անգամ:

Փաթեթի վերջին` «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլ նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ եւ կարեւորելով կառավարության որդեգրած քաղաքականությունը, տեղեկացրեց, որ հանձնաժողովի մի շարք անդամներ առաջարկներ են ներկայացրել մասնավորապես ելակետային տվյալների ճշգրտման վերաբերյալ եւ ստացել կառավարության համաձայնությունը:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի հունիսի 22-ին, ժամը 10.00-ին:

 

Տպել
Ամենաշատ