News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը մեղադրեց կառավարությանը` լոլիկի արտահանման ծավալների կրճատում թույլ տալու մեջ: Ըստ նրա` լոլիկի արտահանման ու ներմուծման հաշվեկշռի փոփոխությունը վկայում է այն մասին, որ «երկիրը ճիշտ չի կառավարվել»:

Քաղաքական այս հարցադրումը ստիպում է մեկ անգամ եւս անդրադառնալ լոլիկի արտադրության հիմնախնդիրներին, հաշվի առնելով նաեւ, որ լոլիկ արտադրողները բավական կազմակերպված են եւ մի քանի անգամ նաեւ բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի մոտ: Կարելի է ասել` լոլիկը Հայաստանի «ամենաքաղաքականացված» բանջարանոցային կուլտուրան է:

Լոլիկը Հայաստանում բանջարանացային հիմնական մշակաբույսն է, այն համարվում է գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ուղղություններից մեկը` 1 հա-ի եկամտաբերությունը գերազանցում է 10 հազ. դոլարը: Լոլիկի բերքն ու դրա իրացման խնդիրները նույն նշանակությունն ունեն գյուղացիների կենսամակարդակի համար, ինչպես ծիրանը, խաղողը, կեռասը: Մոտ 50 հազ. գյուղացիական ընտանիքների բարեկեցություն ուղղակի կախված է լոլիկի շուկայի իրավիճակից:

Ցավոք` ազգային վիճակագրությունը բանջարանոցային կուլտուրաների առանձնացված վիճակագրություն չի վարում, հետեւաբար` ճշգրտորեն հնարավոր չէ իմանալ, թե քանի հա է դրված լոլիկի արտադրության ներքո, եւ որքա՞ն է կազմել բերքը: Սակայն նշենք, որ բանջարանոցային կուլտուրաների (լոլիկ, վարունգ, սմբուկ) ընդհանուր ցանքը վերջին տարիներին մոտ 25 հազ. հա-ի սահմաններում է, իսկ բերքը` մոտ 800 հազ. տոննայի: Ընդ որում վերջին տարիներին վիճակագրությունն արձանագրում է բանջարանոցային կուլտուրաների բերքատվության անկում:

Ի տարբերություն ԱՎԾ-ի` մաքսային մարմինները ճշտորեն հաղորդում են եւ արտահանված, եւ ներմուծված լոլիկի ծավալները: Ըստ այդմ` իսկապես էլ առկա է լոլիկի արտահանման ծավալների կտրուկ անկում` 2011 թ. արտահանվել է մոտ 110 տոննա լոլիկ, 2010 թ. 900 տոննայի համեմատ (անկումը` մոտ 8.2 անգամ): Սա իրոք մտահոգիչ թիվ է: Նվազել է նաեւ լոլիկի ներմուծումը` 2010 թ. 308 տոննայից մինչեւ 240 տոննա` 2011 թ.:  Ընդհանուր առմամբ` լոլիկի ներքին պահանջարկի 95 %-ից ավելի բավարարվում է տեղական արտադրանքի հաշվին: Ոչ արտահանումը, ոչ ներմուծումը էական նշանակություն չունեն լոլիկի ներքին շուկայում, հետեւաբար ծավալների նույնիսկ միքանիանգամյա փոփոխությունները շուկայի վրա մեծ ազդեցություն չեն թողնում:

Հարկ է նշել, որ հայկական լոլիկը հիմնականում արտահանվում է Ռուսաստան` արտահանման 80%-ը բաժին է ընկնում այդ երկրին: Արտահանումներ իրականացվում են նաեւ դեպի Քաթար, Վրաստան եւ այլ երկրներ:

Ըստ էության` 2010 թ. համեմատ Հայաստանում լոլիկի արտադրության անկում 2011 թ. չի արձանագրվել, սակայն անկում կա նախորդ տարիների նկատմամբ` 20-25 հազ. տոննայի չափով:

Լոլիկի արտահանման ծավալների կտրուկ անկումը 2011 թ. ունի որոշ բացատրություններ: Նախ` 2011 թ. գարնանը աձրեւային սեզոնը երկարեց, ինչի հետեւանքով լոլիկի առաջին բերքը Արարատյան դաշտում ստացան ոչ թե մայիսին, այլ հունիսի վերջերին,այսինքն` համընկավ այլ մշակաբույսերի (հիմնականում` կորիզավորների) արտահանման սեզոնի պիկին: Արտահանող կազմակերպությունները պարզապես չեն հասցրել կազմակերպել լոլիկի արտահանումը նախկին ծավալներով` փոխադրամիջոցների անբավարարության պատճառով: Բացի այդ` վեգետացիայի շրջանի ժամանակային շեղումները բացասաբար անդրադարձան բերքի որակի վրա, ինչն արտահանման դեպքում ունի էական նշանակություն:

Երկրորդ` անցյալ տարի աննախադեպ ակտիվ էին տեղական մթերող կազմակերպությունները, որոնք էլ կարողացան փոխլրացնել լոլիկի արտահանման նվազման հետ կապված կորուստները: Մեծ հաշվով` լոլիկ արտադրողները 2011 թ. կորուստներ կամ բերքի հետ կապված հիմնախնդիրներ չեն ունեցել: Պարզապես լոլիկի փոխարեն ավելի շատ արտահանվել է տոմատի մածուկ, ինչը նույնիսկ ավելի նախընտրելի է:   Շուկայում չի եղել նաեւ լոլիկի գների անցանկալի անկում:

Իհարկե` լոլիկի արտադրության ոլորտում կան լուրջ հիմնախնդիրներ, կապված առաջին հերթին ջերմոցային լոլիկի ծավալների հետ: Հայկական ջերմոցները չեն կարողանում բավարարել լոլիկի տեղական պահանջարկը ձմռան ամիսներին, բացի այդ` ներմուծվող թուրքական լոլիկն ավելի էժան է ու մրցունակ: Ըստ կառավարության ծրագրի` առնվազն երեք անգամ ավելացվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները, ինչի արդյունքում էապես կմեղմվեն մի շարք գյուղմթերքների գների սեզոնային տատանումները, ինչպես նաեւ շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները: Արդեն հաստատվել է Նորագավիթի շրջանում մի քանի տասնյակ ջերմոցների կառուցման ծրագիրը:

Կա նաեւ բիզնես-ծրագիր` ԱԳԼՃԿ-երին հարակից ջերմոցների կառուցման վերաբերյալ:

Եթե այդ ծրագրերն առաջիկա տարիներին կյանքի կոչվեն, ապա «լոլիկային հիմնախնդիրը» Հայաստանում կարելի կլինի լուծված համարել:

 

Սամվել Ավագյան

 

Տպել
Ամենաշատ