News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Շոգն արդեն ամբողջ թափով նեղում է Հայաստանի բնակիչներին` շատերին դրդելով արդեն արձակուրդի գնալ, շատերն էլ որոշում են` որտեղ անցկացնել իրենց ամառային արձակուրդը:

NEWS.am-ը հարցում անցկացրեց Հայաստանի կառավարության անդամների շրջանում` պարզելու, թե որտեղ են հանգստանալու նրանք ամառային արձակուրդների ընթացքում:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, թե որտեղ է հանգստանալու: «Կարող եմ միանշանակ ասել, որ հանգիստս ուզում եմ կազմակերպել ընտանիքիս հետ, իսկ եթե մի քանի օր էլ մնա` ընկերներիս հետ լրացուցիչ հանգստանալ»,- նշեց նա, իսկ հարցին, թե որտեղ է նախընտրում հանգստանալ, նշեց. «Եթե ժամանակ է լինում, եւ Հայաստանում եմ հանգստանում, եւ դրսում»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հարցին միայն պատասխանեց. «Հանգստյան տանը» եւ հեռացավ` այդպես էլ չասելով` Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում է նախընտրում հանգստանալ:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը դեռ չգիտի` արձակուրդ կգնա թե` ոչ: Հարցին էլ, որտեղ է նախընտրում հանգստանալ, նախարարը միայն ուսերը թոթվեց:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ չի ծրագրել իր հանգիստը: «Բայց եթե ծրագրեմ, իմ հայրենիքում` Կապանում»,- նշեց նա` հավելելով, որ հնարավորության դեպքում արձակուրդն անցկացնում է միայն Կապանում:

«Էդ ի՞նչ հարց տվեցիք, դեռ չեմ էլ մտածել»,- այսկերպ արձագանքեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեր հարցին:

«Նույնիսկ չգիտեմ, թե երբ եմ գնալու: Կախված է նրանից, թե կառավարության ծրագրից հետո ինչ ժամանակացույց կլինի»,- նկատեց նա եւ հավելեց, որ նախընտրում է հանգստանալ այնպիսի մի տեղ, որտեղ կկարողանա գիրք կարդալ. «Որտեղ ոչ ոք ինձ չխանգարի»:

Ի տարբերություն հին նախարարների, նորանշանակ նախարարներն, ամենայն հավանականությամբ, արձակուրդ չեն գնա:

Սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ իրեն հանգստանալու բախտ չի վիճակվի:

«Աշխատանքները շատ են, եւ միշտ չէ, որ հաջողվում է արձակուրդի գնալ աշխատանքի եռուն շրջանում: Հիմա էլ կառավարության ծրագրի ընդունումից հետո համապատասխան աշխատանքներ, միջոցառումների ժամանակացույց է լինելու, հետեւաբար դժվար կլինի ժամանակ գտնել»,- ասաց նա: Հարցին, թե ընտանիքի անդամները չե՞ն նեղսրտում այդ հանգամանքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Միշտ չէ, որ կարողանում ես ընտանիքի եւ աշխատանքի խնդիրները լուծել համահունչ ձեւով, եւ կարծում եմ` կհասկանան»:

Չի հանգստանա նաեւ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը ու կրկին նույն պատճառով:

Նախարարին հարցրինք ընտանիքի վերաբերմունքի մասին, ի պատասխան նա նշեց. «Տղաներս մեծ են եւ թոռներիս հետ կարող են գնալ հանգստանալ, բայց կինս ստիպված կլինի մնալ»: Իսկ չեն դժգոհում, որ չեք հանգստանալու, հարցին էլ Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Դեռ որեւէ մեկը դժգոհություն չի հայտնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ