News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում Կառավարության կազմի վերաբերյալ քննարկվել է միայն Վայոց Ձորի մարզպետի հարցը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանին կփոխարինի ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չեն քննարկել, թե ով կփոխարինի Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանին:

Նրա փոխանցմամբ` Գործադիր նիստում անդրադարձել են նաեւ Կառավարության ծրագրին, որն այսօր ընդունվեց ԱԺ-ում: «Մեկ անգամ եւս հաստատվել է, որ ԱԺ-ն բազմազանության ամբիոն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները խիստ քննադատության են ենթարկել կառավարության ծրագիրը, Շարմազանովն արձագանքեց, որ սովորաբար, եթե արեւ է լինում, ընդդիմությունը դա իրեն է վերագրում, իսկ երբ անձրեւ է` մեղավորը իշխանություններն են: Նա ընդգծեց, որ կառավարության ներկայացրած ծրագիրն ամենաիրատեսականն է, ամենամրցունակը եւ այն ակնկալիքները, որ կան այս ծրագրից, անպայման կիրականանան:

Նշենք նաեւ, որ ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ դուրս եկավ կոալիցիայից, ինչից հետո ԲՀԿ-ական մարզպետները ինքնաբացարկ հայտնեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ