News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնողներն այսօր` հունիսի 22-ին, բողոքի ակցիա են նախաձեռնել` պահանջելով վերոնշյալ ռեստորանում վերջերս տեղի ունեցած դաժան ծեծի առնչությամբ հարուցված քրգործը քննել օրենքի եւ իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցները Երիտասարդական զբոսայգուց շարժվել են դեպի Հատուկ քննչական ծառայության շենք:

Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ իրենք պայքարելու են, որ «Հարսնաքարի» միջադեպի մեղավորներն արժանի պատիժ ստանան` օրենքի սահմաններում:

Մինչ երիտասարդները հավաքվում էին այգում, նրանց մոտեցան երկու ոստիկան եւ ճշտելով, որ ակցիան ընդդեմ «Հարսնաքարի» միջադեպի է, ասեցին, որ կուղեկցեն մինչեւ ՀՔԾ շենք:

Ակցիայի մասնակիցների թիվը ամեն րոպե ավելանում է: Երիտասարդների ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Ոչ օլիգարխիկ բարքերին», «Ոչ ամենաթողությանը», «Հանցավոր բարքեր` հանցավոր ռեժիմ», «Այլեւս ոչ մի զոհ հանցավոր ռեժիմին», «Ոճիր եւ պատիժ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ «Կյաժ» մականունով:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ