News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանն այսօր` հունիսի 22-ին, Գլազգո քաղաքում հանդիպել է Շոտլանդիայի Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Ռութ Սթիլի հետ, որի ժամանակ քննարկվել է երկու երկրների սփյուռքի հետ աշխատանքի խնդիրները:

Ա. Մխիթարյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության օրենսդրական հիմքերը, նպատակները եւ կառուցվածքը, իրականացվող ծրագրերը եւ դրանց համահայկական ընդգրկումը:

Տպավորված լինելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությամբ` շոտլանդացի գործընկերները հայկական փորձն ու համահայկական ծրագրերը կուսումնասիրեն համացանցում` ընթերցելով նաեւ «Հայերն այսօր» էլէկտրոնային պարբերականը:

Ինչպես տեղեկացրել է Ռութ Սթիլը` Շոտլանդիայի կառավարությունը ստեղծել է մի շարք «գործիքներ», որոնցով աշխատում է սփյուռքի հետ: Մասնավորապես, ստեղծվել են մի շարք էլէկտրոնային կայքեր, այդ թվում` Scotland.org, էլէկտրոնային ցանցեր եւ ընկերակցություններ: 2009 թվականին կազմակերպվել է «Տունդարձի» տարի, որի շրջանակներում ավելի քան 95 հազար շոտլանդացիներ սփյուռքից այցելել են հայրենիք` մասնակցելու կազմակերպված տոնակատարություններին: Հազարավոր շոտլանդացիներ տոնակատարություններին մասնակցել են նաեւ առցանց: Կազմակերպվել են նաեւ քննարկումներ` սփյուռքի ներգրավման նոր մեխանիզմներ ի հայտ բերելու նկատառումներով: Հաջորդ անգամ «Տունդարձի» տարի կկազմակերպվի 2014 թվականին, երբ նախատեսվում է նաեւ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացումը:

Շոտլանդիայի կառավարությունը ստեղծել է նաեւ առանձին խորհրդատվական խումբ, որն օգնում եւ խորհուրդներ է տալիս սփյուռքում բնակվող շոտլանդացիներին իրենց հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ (որոնք կարող են վերաբերել Շոտլանդիայում ուսմանը, տուրիզմին, աշխատանք գտնելուն, մուտքի արտոնագիր ստանալուն եւ բազմաթիվ այլ հարցերին): Խորհրդատվական խմբի ղեկավար Մհորագ Մարֆին Մխիթարյանին տեղեկացրել է, որ խմբի ներկայացուցիչները գրասենյակներ ունեն Շոտլանդիայի ողջ տարածքում եւ խորհրդատվություն են տրամադրում առցանց, հեռախոսով կամ երես առ երես հանդիպումներով:

Շոտլանդիայի կառավարության քաղաքական խորհրդատու Ռասել Բաինի հետ հանդիպման ընթացքում Ատոմ Մխիթարյանը քննարկել է Շոտլանդիա-Հայաստան կապերի ամրապնդման եւ հնարավոր համագործակցության հարցեր:

Նշենք, որ Շոտլանդիայում ծնվածների 20 տոկոսը` մեկ միլիոն մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս, մինչդեռ շոտլանդական սփյուռքը հաշվում է շուրջ 40 միլիոն մարդ աշխարհի ավելի քան 50 երկրում: Շոտլանդիայի կառավարությունը վստահ է, որ սփյուռքը կարող է դրականորեն ազդել երկրի հեղինակության աճի եւ տնտեսական առաջընթացի ու զարգացման վրա:

Շոտլանդիայի կառավարությունը մշակել է «Սփյուռքի ներգրավման պլան», որը նախատեսում է ստեղծել ամուր եւ փոխշահավետ հայրենիք-սփյուռք կապեր, սփյուռքին ներգրավել ազգային մակարդակում որոշումների կայացման գործընթացներում, խրախուսել հայրենիք այցելությունները, ներդրումները եւ այլն:

Շոտլանդիայի կառավարությունում սփյուռքի հետ տարվող աշխատանքները համակարգում է Մշակույթի եւ արտաքին հարաբերությունների նախարարությունը, որի կազմում գործում է սփյուռքի հետ կապերի բաժինը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ